«Ոստիկանության անգործության արդյունքում ունենք եւս մեկ կնասպանության դեպք» (տեսանյութ)
30-ամյա Մարիամ Ասատրյանը 2017թ-ից պարբերաբար ծեծի է ենթարկվել իր 26-ամյա զուգընկերոջ կողմից, եւ այդ մասին տեղեկացված եղել են թե ոստիկանությունը, թե քննչական մարմինը: Այսօր հայտարարեց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը: Մարիամ Ասատրյանն իրենց կենտրոն դիմել է դեռ 2017թ. հոկտեմբերի 27-ին՝ թեժ գծի միջոցով: Պատմել է, որ ուժեղ ծեծի է ենթարկվել, մի ձեռքը կոտրված է, մարմնի վրա սուր կտրող- ծակող գործիքների հետքեր կան:
Հասմիկ Գեւորգյանն իր խոսքում նշեց, որ զանգից հետո քրեական գործ է հարուցվել. «Մարիամ 2017-ին երկու մասով մնացել է մեր գաղտնի կացարանում, որից հետո իր կամքով որոշել է դուրս գալ՝ շարունակելու իր կյանքը: Հաջորդ անգամ դիմել է 2018թ., այս անգամ երկու ձեռքն էր կոտրված, էլի նույն ձեւով՝ դաժան ծեծված: Եւ նորից ոստիկանությունն ու քննչական մարմինը տեղեկացված են եղել: 2018թ. մարտի 29-ին է եղել գաղտնի կացարանում, եւ մայիսի 15-ին դուրս է եկել: Մարիամի երեխաները եղել են հաստատությունում, որովհետեւ Մարիամը ապրելու տեղ չուներ, նաեւ կյանքին վտանգ էր սպառնում: Զոհը գտնվում էր կախվածության մեջ, վախի մեջ»:
Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավարի խոսքով՝ դեպքի մասին իմացել են բոլորը, սակայն որեւէ աջակցություն չի տրամադրվել Մարիամ Ասատրյանին:
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբանները նշեցին, որ ոստիկանությունում դեպքից առաջ հաղորդում է տրվել ինչպես առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաեւ սպանության սպառնալիքների մասին:
«Ունեցել ենք նաեւ մեկ այլ շահառու կին, որը ոստիկանություն է դիմել, որ այդ նույն երիտասարդն իրեն ներգրավվել է սեռական ծառայություն մատուցելու գործընթացի մեջ: Նման պայմաններում ունենալով նման փաստեր, ունենալով երկու տուժող, ըստ էության ոստիկանությունը որեւէ միջոց չի ձեռնարկել: Ոստիկանության անգործության արդյունքում ունենք եւս մեկ կնասպանության դեպք»,- ասաց փաստաբան Նոնա Գալստյանը։
Մարիամ Ասատրյանին դաժան ծեծելով սպանած երիտասարդը նրա զուգընկերն է եղել, նրանք գարանցված ամուսիններ չեն եղել: