Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Մշակույթ

Անակնկալով տուփեր. կբացվի ոսկերչի ցուցահանդեսը

Մայիսի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում  կբացվի ոսկերիչ-ձևավորող, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև Միջազգային գեղարվեստական ֆոնդի անդամ, 1982 թ. Հնդկաստանում տեղի ունեցած միջազգային տոնավաճառի ոսկե մեդալակիր Սարգիս Սահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն ոսկերիչ-ձևավորողի ինքնատիպ գործերը:

Ոսկերիչ-ձևավորող, Հայաստանում և նրա սահմաններից դուրս ոսկերչական արվեստի ճանաչված վարպետ Սարգիս Սահակյանի բազմաթիվ գործերում ներդաշնակորեն զուգորդվում են ինչպես ժամանակակից մոտիվներն ու թեմաները, այնպես էլ անցյալի, մասնավորապես՝ Ֆաբերժեի տան, ոսկերչական դպրոցների լավագույն ավանդույթները: Վարպետի ստեղծագործություններում բազմակողմանիորեն օգտագործվում է ոսկու, արծաթի, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակման ոսկերչական տեխնիկայի ամբողջ զինանոցը, նրբագույն աշխատանքի միջնորմային արծնապակին, փորագրած մետաղի արծնապակային ծածկույթը:

Բարդագույն տեխնիկայի և նրբագույն ճաշակի զուգակցումն արժևորում են նրա աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն օժտված է միայն իրեն հատուկ նրբագեղությամբ: Սարգիս Սահակյանը սիրում է ստեղծել անակնկալներով տուփեր (զատկի ձվեր): Այս տուփերի պարունակությունն անակնկալ է.տուփերում հնարավոր է տեսնել մշակված կիսաթանկարժեք քար, անտիկ դիցաբանությունից սյուժե, կենդանիների կյանքից զվարճալի տեսարան:

Սարգիս Սահակյանի գործերը ցուցադրվել են Ռուսաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլուր:

Աշխատանքների մի մասը գտնվում են ոսկերիչ-ձևավորողի անհատական հավաքածուներում:

Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 20-ը: