«Փյունիկը» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 30-րդ տուրի երեք հանդիպում:
Կենտրոնական խաղում մրցաշարի միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց իր հիմնական ախոյաններից մեկին՝ «Փյունիկին»:
Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, բայց ահա երկրորդի սկզբում փյունիկցիները իրար ետեւից երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Աչքի ընկան Մոհամեդ Ուսմանը եւ Արթուր Միրանյանը:
Դաշտի տերերն ամբողջ թիմով նետվեցին առաջ՝ խաղը փրկելու համար, սակայն 68-րդ րոպեին հակագրոհ բաց թողեցին եւ երրորդ գոլը ընդունեցին սեփական դարպասը: Տանտերերի դարպասը գրավեց Էրիկ Վարդանյանը:
Երկու րոպե անց դաշտի տերերը 11մ հարվածով մեկ գոլ հետ բերեցին, սակայն հանդիպման ավարտից երեք րոպե առաջ հյուրերի խաղացող Դենիս Տալալայը չորրորդ անգամ գրավեց արարատցիների դարպասը եւ հաշիվը դարձրեց 1:4:
Այդպիսով, «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ եւ վաստակած միավորներով (49) հավասարվեց հենց «Արարատ-Արմենիային», որը մինչ այդ միայնակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
Զուգահեռ ընթացող խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին», վաստակեց 46 միավոր եւ հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Բանանցին», որն այս տուրում ազատված է խաղից:
Օրվա երրորդ մրցախաղում առաջնության հետնապահներից մեկը՝ «Արցախ ՖԱ»-ն, իր հարկի տակ անսպասելի հաղթեց մրցանակային տեղերի համար պայքարով «Լոռի ՖԱ»-ին՝ 2:1: Արցախցի ֆուտբոլիստները 21 միավորով այժմ զբաղեցնում են նախավերջին՝ 8-րդ տեղը, իսկ վանաձորյան ակումբը 39-ով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում:
Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Գյումրիի «Շիրակը» կընդունի Երեւանի «Արարատին»: Ավաղ, այդ հանդիպումը մրցաշարային առումով ոչ մի նշանակություն չունի թիմերի համար: