«Չաշխատելը մոդա է դարձել». Երևանի բնակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի օրվա առթիվ «Ա1+»-ը հարցումներ է անցկացրել Երևանի բնակչության շրջանում։ Ինչպես են նրանք վերաբերվում այս տոնին, աշխատանք ունե՞ն, դժվա՞ր է աշխատանք գտնելը, կարևորո՞ւմ են Մայիսի 1-ը այս և այլ հարցեր ոււղվեց նրանց։
Շատերի կարծիքով օրը սովորական է և ոչնչով չի տարբերվում սովորական աշխատանքային օրերից։ Ոմանց համար էլ այս օրը ընկերների հետ զբոսնելու, ընտանիքով հավաքվելու, պաղպաղակ ուտելու օր է:
Քաղաքացիներից մեկը, ով 47 տարի աշխատել է որպես լրագրող, չի ընդունում այն կարծիքը, որ Հայաստանում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ.
«Չաշխատելը մոդա է դարձել, ով չի ցանկանում աշխատել, ասում է՝ աշխատանք չկա»- նշում է նա, ավելացնելով, որ խնդիրը աշխատանքային դաստիարակության պակասն է, ինչը պետք է սկսել մանկապարտեզից: Լրագրողի համոզմամբ, նախկինում աշխատանքի տեղավորման պետական կոմիտեն գոնե զբաղվում էր նման հարցերով և մասնագիտություն ունեցող անձանց աշխատանք էր առաջարկվում, այսօր նման գերատեսչություն ցավոք չկա։
Մշակութաբան, հուշարձանագետ Հրազդանի մի բնակչի խոսքով էլ, եթե մարդը սիրում է իր մասնագիտությունը, կարող է աշխատանք գտնել:
Երիտասարդների համար աշխատանք փնտրելու դժվարությունը հիմնականում կապված է փորձի հետ, այս կարծիքին է IT ոլորտում աշխատող ուսանողը, որը 2-րդ կուրսից արդեն աշխատում է: Նրա խոսքով, փորձից առավել, այսօր գործատուները գնահատում են աշխատասիրությունը: Այս բանը շատ լավ հասկանում են լեզվաբանության ֆակուլտետն ավարտած ուսանողուհիները։ Նրանց կարծիքով կրթությունը միայն բազային ընդհանուր գիտելիքների կարող է ծառայել, իսկ աշխատանք գտնելու համար պետք չէ խուսափել փորձից, քանի որ ցանկացած բնագավառում ձեռք բերած փորձը լավ աշխատանք գտնելու երաշխիքն է: