Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուսանողը պետք է դիտարկվի պոտենցիալ գործատու. Ատոմ Մխիթարյան (տեսանյութ)

1991թ-ից սկսած  Հայաստանում անընդհատ խոսվում է  կրթական բարեփոխումների մասին: Թեև որոշ փոփոխություններ արդեն եղել են, սակայն այն կրթական համակարգը, որն ունենք այսօր, էապես տարբերվում  է  խորհրդային տարիների եղածից, և միևնույն ժամանակ հեռու է այն կրթական մոդելից, որին ձգտում ենք: Այս թեմայով Ա1+ը զրուցել է կրթության փորձագետ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանի հետ:

Ըստ փորձագետի, առայժմ մտածում են թե ո՞ր ուղղությամբ կարելի է փոփոխություններ անել: Քննարկումներ կան, որոնք, սակայն, բավարար չեն,  իսկ օրենսդրական փոփոխությունների մասին  դեռ վաղ է խոսելը:

Փորձագետի առաջարկով կարելի է մի քանի պիլոտային ծրագրեր ներդնել կրթության տարբեր օղակներում, և մասնագետների, տնտեսագետների հետ գնահատելով արդյունքը՝  մշակել օրենքի նախագիծ: Նրա համոզմամբ, այսօր ապահովված չէ կրթություն և տնտեսություն կապը: Ատոմ Մխիթարյանը համամիտ է տնտեսագետների այն դիտարկմանը, որ շուտով կրթությունը տնտեսության զարգացումն արգելափակող հիմնական գործոն է լինելու, և ընդգծեց, որ անգամ որակյալ տնտեսագետներ քիչ կան Հայաստանում: Իսկ   պատճառն  այն է, որ կրթությունը չի խրախուսում ստեղծագործելու կարողությունը: Մարդիկ իներցիայով մտածում են, որ այն գետելիքները, որ ձեռք են բերում ԲՈՒՀ-ում, հետագայում կարող են գործնականորեն կիրառել իրենց մասնագիտական ոլորտում, հենց թեկուզ տնտեսության մեջ: Սակայն սա սխալ  մոտեցում է.

 «Յուրաքանչյուր ուսանող, որ սովորում է բուհում պետք է իրեն պոտենցիալ գործատու դիտարկի,- հավատացնում է Ատոմ Մխիթարյանը,- դրա համար հարկավոր է հնարավորությունները մեծացնել, և բարձրագույն կրթությունը կազմակերպել արտադրության հիմքի վրա»:

Այս առումով գերմանական փորձը լավ օրինակ է Հայաստանում անցումային փուլում կիրառելու համար: Այնտեղ նախքան բարձրագույն կրթություն ստանալը, համալսարանը պահանջում է առնվազն մեկ կամ երկու տարվա աշխատանքային փորձ: Ուսանողները դպրոցն  ավարտելուց հետո պարտադիր հիմունքով որպես կամավոր  կամ  քիչ վարձատրությամբ աշխատում են:

Արտասահմանյան երկրների փորձի հիման վրա, այսօր փորձագետները առաջարկների փաթեթ են մշակում, որն ավարտելուն պես կուղղարկվի Ազգային ժողով: