Ազատ ոճայինները ոսկե մեդալներ են նվաճել Բելառուսում
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 23-25-ը վեց հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, նրանցից երեքը՝ Հարություն Մանուկյանը (57 կգ քաշային կարգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) ոսկե մեդալ են նվաճել:
Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը (86 կգ), իսկ Արման Անդրեասյանն (70 կգ) ու Կոլյա Հարությունյանը (97 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ մրցաշարը միջին մրցակցության էր:
Այսօր հավաքականը վերադառնալու է Հայաստան: Մեկ շաբաթ հանգստից հետո թիմը կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կշարունակի նախապատրաստվել ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 3-9-ին, Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում: