Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արգիշտի Քյարամյան
A A
Քաղաքականություն

ՊՎԾ պետի տեղակալը հրաժարվեց խոսել իր միլիոններից (տեսանյութ)

Կառավարության նիստում, այսօր Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացնում էր ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:

Նիստից հետո նա զրուցեց լրագրողների հետ:

Արդյո՞ք Քյարամյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է, հարցին ՊՎԾ պետի տեղակալը նշեց, որ եթե որեւէ մեկի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունենար՝ չէր թաքցնի:

«Ես որեւէ մեկի հետ իմ ազգակցական, իմ արյունակցական, քավոր-սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում, երբեւէ թաքցնելու որեւէ առիթ չեմ ունեցել եւ բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնել կամ որեւէ կերպ խուսափել այդ կապերից: Ես՝ ինքս, փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որեւէ քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք: Եթե ունենայի այդպիսի հարաբերություններ՝ մեծ սիրով կբարձրաձայնեի: Ես աշխատել եմ ոստիկանությունում, աշխատել եմ քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում եւ շփումը նաեւ այդ համատեքստում է տեղի ունեցել »,-ասաց Քյարամյանը:

Արգիշտի Քյարամյանը չբացառեց, որ ինքը կարող է լինել ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար:

«Քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն անմիջականորեն վարչապետին առընթեր մարմին է,  վարչապետը  ոնց որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց Քյարամյանը:

Դիտարկմանը, թե, ըստ օրենսդրության,  ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, Քյարամյանն ասաց, որ տեղյակ է այդ օրենքին, սակայն  եթե առաջարկություն ներկայացվի որեւէ տեղակալի,  օրենքն այդ պարագայում չի գործի:

Լրագրողները հետաքրքվեցին, թե որտեղից երիտասարդ պաշտոնյային 32մլն դրամ եւ 46 հազար դոլար:

Քյարամյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դա էթիկայի տեսանկյունից  ճիշտ չէ քննարկել ունեցվածքն ու կարողությունը:

«Այս հարցին ես այսպես կպատասխանեմ, ինչպես նշեցի՝ ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեւէ որեւէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որեւէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը այս համատեքստում քննարկել »,-նշեց Քյարամյանը: