Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ավրորան» աշխարհին ցույց է տալիս՝ ինչպես են երախտագիտություն հայտնում (տեսանյութ)

Արդեն երրորդ տարին է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հերոսների անունները կազմակերպիչները հայտարարում են ապրիլի 24-ին, Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը սա խորհրդանշական է համարում, և մեջբերում է պատմիչ Եղիշեի խոսքերը. «Մարդկային բոլոր դժբախտությունները գալիս են տգիտությունից, կամ ինչպես հենց պատմիչն ինքն էր ասում՝ ուսում չստանալուց: Կարող ենք նաև հակառակն ասել՝ մարդկային բոլոր լավ արժանիքները՝ բարությունը, մարդասիրությունը, մեծահոգությունը սնվում են գիտելիքից և իմաստությունից»:

«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունն այս տարի կհայտարարվի հոկտեմբերի 20-ին, քանի որ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքով, հոկտեմբերը Հայաստանում ամենագեղեցիկ ամիսն է, նաև ամենատարբեր միջոցառումներ են ընդգրկելու՝ գինու տոն, կինոյի փառատոն, Կոմիտասի 150-ամյակ և այլ հետաքրքիր ծրագրեր են նախատեսել:

«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ մարդասիրական օգնությունը միայն դրամական օգնությունը չէ, ավելի կարևորը հույսն է, աջակցությունը, որ տալիս է արհավիրքի միջով անցած ժողովուրդը.

«Մեծամասնությունը հայերը չէին, որ ազատեցին հայերին և մենք էլ մեր երախտագիտությունն ենք նվիրում աշխարհին, սա մեր երախտագիտության պարտքն է»։

«Պետք է փոխել մտածելակերպը: Մեզ բաժանում էին, մենք սփռվեցինք աշխարհով, պետք է միանանք այսօր, մենք սոված էինք, հիմա պետք է ուրիշներին սնունդ տանք, մեզ վախեցնում էին, մենք պետք է ուրիշներին տանք քաջություն: Ինչ -որ մեզ հետ արեցին, մենք դրա հակառակը պետք է այսօր անենք և աշխարհը կտեսնի, թե ինչի դեմ ենք դիմադրում, մեր պատմության պատահածի դեմ», - ասաց պարոն Աֆեյանը:

«Ավրորան» այսօր 15 երկրներում 23 մարդասիրական ծրագրեր է իրականացնում, 850.000 երեխաների կյանք է փրկել, իրավաբանական, առողջապահական աջակցություն է ցուցաբերել: Եվ այսօր, ըստ կազմակերպիչների,  այդ երեխաներից շատերը հայերեն են սովորում, հայկական երգեր են երգում և  տեղեկանում, որ Հայաստան կա աշխարհում և հուսադրվում, որ մի օր աշխարհն այնպես կփոխվի, որ «Ավրորայի» կարիքն այլևս չի լինի: