Ոչ ոք չկասկածի, որ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ նախաքննություն. Արթուր Դավթյանը՝ Սանասարյանի գործի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո, լրագրողներին հորդորեց հարցեր տալ միայն ապրիլի 24-ի օրվա հետ կապված, սակայն պատասխանեց, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձման հետ կապված հարցին:
«Վերջին նորությունն այն է, որ 40 օրով կալանավորվել է՝ արտահանձման հարցը քննարկելու նպատակով»,-ասաց գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյանն անդրադարձավ նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազություն՝ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից մեկ այլ մարմնի վարույթ տեղափոխելու համար:
«Ուզում եմ վստահ լինեք բոլորդ, քրեական գործով մեկ վայրկյան ոչ ոք չկասկածի, որ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն: Ըստ էության գործով հավաքված փաստական տվյալները, քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Դրա համար դա իր հետ բերեց Դավիթ Սանադարյանի համար դատավարական կարգավիճակ՝ դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ: Ամենակարեւորը, նա պաշտպանության իրավունք ստացավ, բնականաբար, անկաշկանդ ներկայացնելու է նաեւ իր փաստարկները, իրեն հայտնի այլ տեղեկությունները: Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգվելու է: Պաշտպանների միջնորդությունը մենք նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն»,-ասաց Արթուր Դավթյանը:
ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաեւ, որ այն պահին, երբ քննող դատախազը տեղեկություն կունենա, որ գործն ուղղորդված է, կամ նման ռիսկ կտեսնի, ոչ մի պարագայում այդ նախաքննության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը: