Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bananc 1
A A
Սպորտ

Ինչո՞ւ է «Բանանցը» բոյկոտել Հայաստանի գավաթային խաղը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր պետք է կայանային կիսաեզրափակիչ փուլի խաղերը, որոնք պետք է անվանեին եզրափակիչի մասնակիցներին:

Սակայն, դրանցից մեկը, «Լոռի ՖԱ» – «Բանանց» հանդիպումն այդպես էլ չկայացավ, չնայած թիմերը մտել էին խաղադաշտ եւ լիովին պատրաստ էին հակամարտությանը: Սակայն, ավանդական ձեռքսեղմումից հետո հյուրերը նախ հավաքվել են պահեստայինների նստարանի մոտ, ապա ուղեւորվել հանդերձարան՝ բոյկոտելով խաղը:

Մեր ունեցած տվյալներով, նման որոշում կայացրել է «Բանանցի» համասեփականատեր Ջեւան Չելոյանցը, երբ տեղեկացել է, որ հանդիպումը վարելու է Գեւորգ Եղոյանը:

Պատճառն այն է, որ Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ տուրի «Բանանց» – «Փյունիկ» հանդիպումից հետո «Բանանց» ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 9 կետից բաղկացած բողոք էր ներկայացրել նույն Գեւորգ Եղոյանի գործողությունների վերաբերյալ: ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ֆեդերացիայի կայքով վերլուծելով այդ դրվագները, հիմնավոր էր համարել միայն երկուսը: Ըստ ակումբի ղեկավարության, մրցավարը իրենց օգտին երկու 11մ հարված չէր նշանակել այդ խաղում, որն ի վերջո ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:

«Բանանցի» այսօրվա բոյկոտը վկայում է այն մասին, որ Ջեւան Չելոյանցը չի վստահում մրցավար Գեւորգ Եղոյանին եւ համաձայն չէ Կարեն Նալբանդյանի մեկնաբանության հետ: Շատ հնարավոր է, որ «Բանանցի» համասեփականատերը դիտավորություն է տեսնում վերը նշված երկուսի գործողություններում:

ՀՖՖ-ն այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է Ջեւան Չելոյանցի վարքագիծը՝ նշելով հետեւյալը. «Որեւէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որեւէ մեկը նաեւ իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը եւ նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է»:

Սակայն, կարծում ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լուրջ հետեւութուններ անի այս միջադեպից հետո եւ ականջալուր լինի նաեւ բողոքողներին: Գլխավորը, ազնիվ խաղի՝ Fair play-ի կանոնների պահպանումն է, հակառակ դեպքում հայկական ֆուտբոլին նորանոր սկանդալներ են սպասվում, ինչը ցանկալի չէ դրա ներկայիս ճգնաժամային իրավիճակում: