Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Կարլսրուե քաղաքում մեկնարկած շախմատի GRENKE Chess Classic միջազգային խոշոր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց:
Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ պարտիայի սկզբում սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ մինչեւ վերջ զարգացնել գրոհը եւ կորցրեց առավելությունը: Նախկինում Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող գրոսմայստերը (Նայդիչը 2015 թվականին է դարձել մեր հարեւան երկրի շախմատիստը) աստիճանաբար հավասարեցրեց դիրքը:
41-րդ քայլից հետո Լեւոն Արոնյանը ստիպված հաշտություն կնքեց:
Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Վաշյե-Լագրավ – Անանդ, Սվիդլեր – Կարուանա եւ Մայեր – Վալյեխո հանդիպումները, իսկ ահա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի եւ գերմանացի Վինսենտ Կիմերի պարտիան դեռեւս շարունակվում է: Նորվեգացի շախմատիստը 45-րդ քայլից հետո զինվորի առավելություն ունի:
Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի գերմանացի Գեորգ Մայերի հետ: