Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառուցապատողները չգիտեն՝ ինչ կանեն, եթե ցեմենտի գինը թանկանա (տեսանյութ)

Տնտեսություն
CEMENT, NKAR

Կառավարությունն առաջարկում է ավելացնել ցեմենտի ներմուծման տուրքը, ըստ որի՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ տուրք  է սահմանվելու: Այս օրինագծի շուրջ դժգոհությունները օրեր շարունակ չեն դադարում:

Ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծության՝  2018 թվականին Հայաստանում ցեմենտի տարեկան  իրացման ծավալը կազմել է 680 000 տոննա, որի 75%-ը եղել է տեղական ցեմենտը, իսկ մնացյալ՝ 25%-ը ներմուծված: Կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի խոսքով, օրինագիծը մեծ ռիսկեր է պարունակում:

«Կառուցապատողներն արդեն իսկ ունեն կնքված պայմանագրեր՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը»,- նշեց Մարինե Առաքելյանը: 

Իսկ «Առնի Թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը նկատեց, որ ներկայացրած թվերը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արամ Խաչատրյանի՝ Հայաստանում միշտ եղել է ցեմենտի բարձր արտադրողականություն:

«Հայաստանում միշտ ցեմենտի գործարանները արտադրել են 800 000 տոննայից ոչ պակաս: Տարիներ շարունակ 80% -ը ստվերում է եղել, գնալով կրճատվել է այդ ստվերը, անցյալ տարի 30%-էր»,- նկատեց ընկերության ներկայացուցիչը:

Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրանական ցեմենտն ավելի որակյալ է:

«Նախորդ կառավարությունները միշտ սահմանել են շատ բարձր հսկիչ գին, որը եղել է 200 դոլարին մոտ: Իշխանափոխությունից հետո ընդամենը 1 ամսով հսկիչ գինը իջեցվել է 100-ին մոտ, տեմպերով սկսել են ներկրել իրանական ցեմենտ և մեր ժողովուրդը տեսավ, որ այն շատ որակով է: Բայց հետո տեղական արտադրողների հետ լոբբինգի շնորհիվ գինը նորից բարձրացավ 200 դոլար»,- նկատեց Արամ Խաչատրյանը:

Կառուցապատող և ներկրող մյուս ընկերության՝ «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդԴիվելոփմենթ»  ներկայացուցիչ Կարեն Գասպարյանն էլ կարծում է, որ ցեմենտի ներմուծման տուրքի ավելացումը անընդունելի է: 

«Հարց է առաջանում, ներմուծման ժամանակ պետությունը ի՞նչ ծառայություն է մատուցում ներմուծողին, որ դրա դիմաց էլ գանձում է  22 000 դրամ պետական տուրք»:

Նշենք, որ ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում, սակայն տուրք չի սահմանվում ներկրվող կլինկերի (ցեմենտի հումք) համար։