«Կասկածի տակ չպետք է դրվի անձի ՝ մարդ լինելու հանգամանքը». Սաքունցը՝ տրանսգենդերի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ապրիլի հինգը կայծակ չէր պարզ երկնքում»,- այսպես է բնորոշում տրանսգենդեր կնոջ ելույթի վերաբերյալ առաջացած հասարակական աղմուկը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ տրանսգենդեր կնոջ ելույթին նախորդել էին ՄԱԿի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ԼԳԲՏ համայնքի խնդիրները ուսումնասիրելու առիթով, և դրանք պակաս մտահոգիչ չէին։
Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունը և պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ԼԳԲՏ համայնքին ուղղվող ատելության խոսքին, և տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներսում հոմոֆոբիայի մրցակցություն է։Այս հակաքաղաքակրթական պայքարին են փորձում ներքաշել նաև հասարակությանը։
Անդրադառնալով տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին հաջորդած իրարամերժ կարծիքներին, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյանն ընդգծում է, որ չպետք է լռեցնել մարդուն, քանի որ իրավունքից խոսելը ևս իրավունք է։ Նա ուշադրություն է հրավիրում հատկապես պատգամավորների վարքագծին, որոնք ավելի խորացրին ատելության մթնոլորտը՝ փորձելով «դիվիդենտներ» հավաքել ԼԳԲՏ համայնքի հաշվին։
«Փինք Արմենիա» ՀԿ փաստաբան Հասմիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ դատական գործերի մասին խոսելով նշում է.
«Ատելությունը հանգեցնում է իրավակիրառ մարմինների կողմից համապատասխան գործողություններ ձեռնարկելու անկարողության։ Սկսած դատական համակարգից մինչև ոստիկանություն, մենք ունենք խտրականության դեպքերի վերհանման խնդիր»։
Ըստ Պետրոսյանի՝ պատկան մարմինները չեն կարողանում իրավական գնահատական տալ ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ տարվող ատելության խոսքին։
Արթուր Սաքունցը Փաշինյանի հարցադրումը՝ տրանսգենդեր կինը մարդ է թե ոչ՝ անտեղի է համարում.«Կասկածի տակ չպետք է դրվի անձի ՝ մարդ լինելու հանգամանքը»։