Բացել լրահոսը Փակել լրահոսը
dproc
A A
Հասարակություն

Տնօրենը համոզում է, բայց Արամուսում շարունակվում է դասադուլը (տեսանյութ)

Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում  դասապրոցեսը դեռ լիարժեք չի վերականգնվել։

Աշակերտների մեծ մասը ավելի քան 10 օր է  չի հաճախում դպրոց։ Ծնողները նշում են, որ   դեմ են, որ նորանշանակ դպրոցի տնօրեն Նոնա Պողոսյանը պաշտոնավարի։

Դպրոցի տնօրենի ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուներ՝ նախկին փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանը և Աբովյանի 10-րդ դպրոցի տարրական դասարանների նախկին դասվար Նոնա Պողոսյանը հավաքել էին 4-ական ձայն, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տնօրեն նշանակել էր Նոնա Պողոսյանին, ինչին համաձայն չեն թե՛ ծնողների, թե՛ աշակերտների մեծ մասը։

Մի մասը կողմ է, որ տնօրեն նշանակվի Անդրեյ Փիլիպոսյանը։

Նորանշանակ տնօրեն Նոնա Պողոսյանը  հանդիպում է աշակերտների ծնողների հետ, սակայն այդ հանդիպումներն արդյունք չեն տալիս։

Այսօր մեր այցելության պահին՝ դասասենյակները մեծամասամբ դատարկ էին, միայն երկու դասասենյակում կային աշակերտներ. մեկում՝ երեք, մյուսում երկու աշակերտ։

Ծնողների մի մասը պնդում է նաև, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի բարեկամն է։

Մեզ հետ զրույցում  Նոնա Պողոսյանն ասաց, որ Պետրոսյանների ընտանիքի հետ բարեկամական կապ չունի, ուղղակի անցյալ տարի 10-րդ դպրոցում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ որպես ուսուցիչ նկարահանվել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

Նորանշանակ տնօրենը պնդում է, որ իր նշանակումը եղել է օրենքի սահմաններում և հնարավորինս կփորձի այնպես անել, որպեսզի դասապրոցեսները վերականգնվեն։

 

«Մարզպետը իրավունք չուներ» 

Տնօրենի մյուս թեկնածուն՝  դպրոցի նախկին փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանը մեզ հետ առանձնազրույցում հաստատեց, որ օրեր առաջ խիստ նկատողություն է ստացել Կոտայքի մարզպետի կողմից, քանի որ տնօրենի ընտրությունների հաջորդ օրն, երբ դեռևս տնօրենի պաշտոնակատար էր, ուշացումով էր եկել դպրոց, իսկ աշակերտները, տեղյակ լինելով ընտրությունների արդյունքից, դասադուլ էին հայտարարել, որի հետևանքով դասապրոցեսները խաթարվել էին։

Ըստ Փիլիպոսյանի՝ մարզպետը խախտվել է  իր աշխատանքային իրավունքները, քանի որ մարզպետը միանգամից խիստ նկատողություն հայտարարելու իրավունք չուներ։