Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դանակներ չեն եղել. Վանևանի բնակիչը հակադարձում է պատգամավորին (տեսանյութ)

Վանևանում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի հովիվը՝ Ատոմ Մկրտչյանը շարունակում է հացադուլ անել: Գյուղացիների մի մասը շարունակում է պահանջել համայնքապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը: Նրանք այդ պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում:

Վանևանի բնակիչ Էդգար Սարգսյանի խոսքով, հունիսին տեղի ունեցած համայնքապետի ընտրություններին կրկին ընտրվել է  Նորայր Հարությունյանը, բայց  ընտրված 5 ավագանիներից 3-ը չընտրված թեկնածուի  համախոհներն են, որոնք բարձրաձայնել են համայնքի ղեկավարի չարաշահումների մասին: Ընտրությունից հետո՝ առ այսօր Վանևանում միայն երկու անգամ է ավագանու նիստ եղել: Ավագանու վերջին նիստում քննարկել են  ավագանու վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու մասին հարցը:

«Այդ հարցով դիմել ենք մարզպետին, թե նա ինչ արեց, ինչ չարեց, մենք իր գործողություններից տեղյակ չենք: Որոշումն եկավ Կառավարություն, որտեղից պատասխան եկավ, որ 5 հոգուց 3-ը քիչ են, երկու երրորդ պիտի լինի: Էդ ո՞նց եղավ, որ բյուջեն կարող ենք հաստատել, հիմա այդ 3 հոգին ո՞նց չի կարող իր լիազորությունները վաղաժամկետ  դադարեցնել»,- ասաց Էդգար Սարգսյանը:

Ի դեպ, երեկ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել էր, որ գյուղացիները  փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղին, և  նա տեղեկություն ունի, որ երիտասարդների մոտ դանակներ են եղել: Վանևանի բնակիչը այս  հայտարարությունը կեղծ համարեց:

«Դա իրականությանը չի համապատասխանում: Ճանապարհ է փակվել, որն իր նպատակն ուներ և ամեն ինչ տեղի է ունեցել խաղաղ: Ոստիկանությունը մեզ շրջապատել է, եթե երիտասարդության մոտ դանակներ է եղել, ոստիկանության գործն էլ որն էր,  թող տանեին այդ մարդկանց: Իրենք սուտ են ասում»:

Գյուղացիների խոսքով՝ հացադուլ անողի վիճակը վատ է, բայց նա վճռական է տրամադրված՝ շարունակելու է հացադուլը:

Մանրամասն՝ տեսանյութում: