Իսպանիային հաղթել չհաջողվեց
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիային հաղթել չհաջողվեց
Սակայն Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ գրավել իսպանացիների դարպասը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի 2010 թ առաջնության ընտրական փուլի նախավերջին խաղում 1:2 հաշվով պարտվեց Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմին:
Հանդիպումը տեղի ունեցավ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, հորդառատ անձրեւի ուղեկցությամբ: Ինչպես եւ սպասվում էր, խաղն անցավ ավելի բարձր կարգ ունեցող հյուրերի տարածքային առավելությամբ: Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը: Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո մեր թիմի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով հավասարացրեց հաշիվը: Ի դեպ, նա դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց գրավել իսպանացիների դարպասը (մինչ այս խաղը կայացած 5 հանդիպումներում մեր թիմը միայն գոլեր էր ընդունել սեփական դարպասը` թվով 14): Ավաղ, հինգ րոպե անց Իսպանիայի հավաքականը ստացավ 11 մ հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրեց հենց «տուժողը»` Մատան:
Հայաստանի հավաքականը թեեւ լուրջ դիմադրություն ցույց տվեց ուժեղ մրցակցին, սակայն, այնուամենայնիվ, ի վերջո զգացնել տվեց Իապանիայի ընտրանու բարձր կարգը: Հիշեցնենք, որ ընտրական նախորդ խաղում մեր թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել էր Բելգիայի ոչ պակաս ուժեղ հավաքականին:
Խաղից հետո կազմակերպած մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց, որ գոհ է տղաների խաղից, առաջին հերթին նրա համար, որ նրանք սկզբից մինչեւ վերջ հետեւեցին խաղային կարգապահությանը եւ շատ սխալներ թույլ չտվեցին պաշտպանությունում: Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշեց, որ Հայաստանի հավաքականի կողմից սպասում էր լուրջ դիմադրության, քանի որ նման կարգի թիմերը սովորաբար մարտականորեն են տրամադրվում ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներին: