Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0127511
A A
Քաղաքականություն

Բացառված է, որ Հայաստանում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց  2007 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրու «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։

  Ըստ նրա՝  դրանից  հետո հեռուստաընկերության նկատմամբ սկսվել է բռնությունների շարք, ԱԱԾ-ն սկսել է վախեցնել գովազդատուներին, որի արդյունքում գովազդները հանվել են, հարկայինը 25 մլն դրամ տուգանել է, որից հետո մարդիկ դրամահավաք են կազմակերպել  և այն վճարել:

Էդմոն Մարուքյանը նշեց, Վանաձորի իրենց իրավապաշտպան գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ որոշել է, որ տեղի է ունեցել խախտում:

«Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Հայաստանում վերաբացվել է գործը և վարչական դատարանը վերացրել է այն ակտը, որով 25 մլն դրամ տուգանվել էր «Գալա» հեռուստաընկերությունը: Տեղի է ունեցել մի բան, որն ինձ համար շատ զարմանալի է, պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի և ասում է, որ այդ որոշումը  պետք է ամբողջությամբ վերացվի»,-ասաց նա։

Պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ վարչապետը տեղյա՞կ  է, որ պետությունը նման բողոք է ներկայացրել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին անգամն է լսում դրա մասին.

«Ենթադրում եմ, որ այդ վարչական բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007-ին  այդ նույն պրոցեսը ձեռնարկել են»:

Էդմոն Մարուքյանը  հարցրեց՝ ե՞տ կվերցնեք այդ բողոքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գործին լիարժեք չի տիրապետում, հստակ պատասխան ասել չի կարող, բայց մի բանում վստահ է.

«Բացառում եմ, որ  Հայաստանում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի, դա ուղղակի բացառված է»: