Եվրոգավաթների մասնակցելը շատ թանկ հաճույք է. Դեյվիդ Ջոնթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե հաշվի առնենք բասկետբոլի Ա լիգայի անցած մրցաշրջանի արդյունքները, ապա այն արդարացրեց մեր սպասելիքները: Մենք դեռ ամփոփում ենք կատարված աշխատանքները: Կան բացեր, որոնք հարկավոր է փակել: Դրանից հետո կսկսենք պատրաստվել Ա լիգայի հաջորդ առաջնությանը», - այսօր «Արմենպրեսում» կայացած մամուլի ասուլիսում ասաց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:
Իսկ որոնք են լիգայի բացերը: Ըստ բանախոսի, նախ մարզադահլիճները չեն հերիքում խաղեր եւ մարզումներ անցկացնելու համար: Երկրորդ՝ թիմերում շատ են արտասահմանցի խաղացողները: Երրորդ՝ թիմերը ֆինանսապես թույլ են: Հենց դա է պատճառը, որ մեր թիմերը չեն մասնակցում եվրոպական գավաթների խաղարկությանը:
Ա լիգայի այս տարվա հաղթող «Արագածի» նախագահ Դեյվիդ Ջոնթոյանը վերջին հարցի կապակցությամբ ասաց, որ իրենք հովանավոր են փնտրում եվրագավաթներին մասնակցելու համար:
«Ես կարող եմ լավ բասկետբոլիստներ բերել ակումբ, մրցունակ թիմ ստեղծել, բայց մեր հաշվարկները ցույց տվեցին, որ եվրագավաթներին մասնակցելը շատ թանկ հաճույք է: Առանց լուրջ ներդրումների հնարավոր չէ խաղալ եվրոպական մրցումներում», - ասաց չեմպիոնի ղեկավարը:
Արա Պողոսյանը նաեի նշեց, որ Ա լիգան պատրաստվում է փոփոխություններ կատարել կանոնակարգում, ըստ որի բոլոր ակումբները պետք է անպայման ունենան 18 տարեկանների թիմ, իսկ Բ լիգայում մտադիր են սահմանափակել մասնակիցների տարիքը մինչեւ 25 տարեկան, որպեսզի երիտասարդ բասկետբոլիստները խաղալու հնարավորություն ստանան:
Հավելենք, որ Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի անցած առաջնութունում հանդես են եկել 6 թիմեր, որոնցից երկուսի՝ ՖԻՄԱ-ի ու «էրեբունիի» մասնակցությունը գալիք մրցաշրջանում արդեն հարցականի տակ է: