Իսպանիան հարազատ կմնա իր խաղաոճին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կազմակերպած մամուլի ասուլիսից մեկ ժամ անց լրատվամիջոցների հետ հանդիպեց նաեւ Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:
Մինչ նրա ժամանելը լրագրողների հարցերին պատասխանեցին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլես Պույոլը, Խավի Ալոնսոն եւ Դավիդ Սիլվան:
Այսօր Վիսենտե դել Բոսկեին հայ լրագրողները ավելի շատ հարցրեցին այլ թիմերի եւ խաղերի (Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի, Բոսնիայի, Արգենտինայի, Պորտուգալիայի հավաքականների մասին), քան վաղը կայանալիք հանդիպման մասին: Այնուամենայնիվ, նա ասաց, որ կարեւորում է Հայաստանի ընտրանու հետ խաղը, չնայած Իսպանիան արդեն լուծել է իր առջեւ դրված խնդիրը եւ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
«Մենք Երեւան ենք ժամանել ուժեղագույն կազմով, թեեւ ես կարող էի հանգիստ տալ մեր մի շարք առաջատար խաղացողներին: Սակայն իմ համար կարեւոր է ոչ թե այն, թե ովքեր են ընդգրկվում մեկնարկային կազմում, այլ այն, որ պահպանվում է թիմի խաղաոճը, որ ֆուտբոլիստները լավ են համագործակցում խաղադաշտում»:
Վիսենտե դել Բոսկեն ասաց, որ հնարավոր է տարբեր կազմերով հանդես գան առաջիկա երկու խաղերին, իսկ թե ինչ կազմով կխաղա Հայաստանի հավաքականի հետ, հայտնի է միայն նրան: Անվանի մասնագետի գաղտնապահությունը նկատվեց նաեւ մամուլի ասուլիսի ավարտից հետո, երբ իսպանացի լրագրողները շրջապատեցին գլխավոր մարզչին եւ սկսեցին հարցակոխ անել, բայց Վիսենտե դել Բոսկեն հրաժարվեց պատասխանել որեւէ հարցին:
Հայաստանի հետ հանդիպումից չորս օր անց Իսպանիան կհանդիպի Բոսնիայի ազգային հավաքականի հետ վերջինիս դաշտում:
Իկեր Կասիլյասի բաց կթողնի՞ խաղը
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի հետ Հայաստան ժամանած լրագրողներին, իսկ նրանք թվով 25-ն են, առաջին հերթին հետաքրքրում է, թե հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջիկա երկու հանդիպումներից որը բաց կթողնի' Հայաստանի, թե Բոսնիայի ընտրանու հետ խաղը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ Կասիլյասը հավաքականում իր թվով 100-րդ հանդիպումն անցկացնի ոչ թե արտասահմանյան որեւէ երկրում, այլ ... հայրենիքում:
Բանն այն է, որ անվանի դարպասապահն իր երկրի ազգային թիմի կազմում անցկացրել է 98 հանդիպում: Եթե նա մասնակցի Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների հետ խաղերին, ապա կդառնա երրորդ իսպանացի ֆուտբոլիստը, ում կհաջողվի հատել 100 խաղի սահմանը (Իսպանիայի հավաքականի կազմում առայսօր 100 եւ ավելի խաղեր են անցկացրել դարպասապահ Անդոնի Սուբիսարետան ու հարձակվող Ռաուլը):
Ըստ իսպանացի լրագրողների' երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները ցանկանում են, որպեսզի Իկեր Կասիլյասն իր 100-րդ հոբելյանական հանդիպումն անցկացնի նոյեմբերի 14-ին, Մադրիդում նախատեսված Իսպանիա - Արգենտինա ընկերական խաղին: Դա նշանակում է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնվել է դժվար իրավիճակում. ընդառաջել ֆեդերացիային, թե' ոչ: