Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզական չորս միջոցառում

Սպորտ

Հոկտեմբերի 11-ին նախատեսված «Էրեբունի-Երեւան-2791» տոնակատարության շրջանակում կանցկացվեն չորս մարզական միջոցառումներ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի եւ տուրիզմի վարչության սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց, որ այդ օրը կանցկացվեն «մարաթոնյան» վազք, հեծանվավազք, կոխի մրցում եւ  կլինեն վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ:

Ժամը 15:00-ին «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից կմեկնարկի «մարաթոնյան» վազքը, որին կմասնակցեն նաեւ սայլակավոր հաշմանդամներ: Կես ժամ անց նույն տեղից կմեկնարկի հեծանվավազքը: Վազորդները եզրագիծը կհատեն Մատենադարանի մոտ, իսկ հեծանվորդները' կրկեսի մոտ գտնվող հեծանվահրապարակում:

Ժամը 16:00-ին Մեսրոպ Մաշտոցի պողոտայի եւ Բյուզանդի փողոցի հատման մասում կկայանան կոխի մրցումները, իսկ 17:00-ին Կարապի լճում ցուցադրական ելույթներով հանդես կգան վինդսերֆինգիստները: