«Երկրորդ համարով»
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ինչ խաղաոճ կամ տակտիկա էլ որ ընտրենք, միեւնույն է, ավելի շատ հարմարվելու ենք իսպանացիների խաղաոճին, ուստի ստիպված հանդես ենք գալու «երկրորդ համարով»: Դա բնական է, քանի որ Իսպանիայի հավաքականը, ըստ իս, աշխարհի թիվ մեկ թիմն է, չնայայած ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աղյուսակում այն զբաղեցնում է 3-րդ տեղը», - այդպես է կարծում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել:
Ըստ նրա' մեր թիմը պետք է անկաշկանդ խաղ ցուցադրի այդ հանդիպման ժամանակ.
«Ֆուտբոլիստները հոգեբանորեն լիովին պատրաստ են իսպանացիների հետ մրցավեճին: Խաղալու ենք անկաշկանդ, քանի որ թիմի վրա որեւէ ճնշում չկա' կապված վերջնական արդյունքի հետ: Սակայն մեծ կլինի տղաների պատասխանատվությունը: Վերջին հաշվով, ոչ բոլորին է բախտ վիճարկվում խաղալ Եվրոպայի չեմպիոնների դեմ»:
Վարդան Մինասյանն իր համար արդեն որոշել է առաջիկա հանդիպման հայկական կազմի 90 տոկոսը: «Դրանք են դարպասապահը (Բերեզովսկի), չորս պաշտպանները (Մկրտչյան, Արզումանյան, Մկոյան, Հովսեփյան) եզրայինները (հավանաբար մարզիչը նկատի ունի Արման եւ Արտավազդ Քարամյաններին), մեկ հարձակվողը (Մարկոսը կամ Գոհարյանը): Մնացածների վրա դեռ մտածում ենք»:
«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, արդյոք մրցակցին ուսումնասիրելու համար դիտել է Ադրբեջան - Իսպանիա ընկերական հանդիպման տեսագրությունը, Վարդան Միասնյանը նախ զարմացած հարցրեց, արդյոք նման խաղ եղել է ընդհանրապես (այն կայացել է այս տարվա հունիսին եւ ավարտվել իսպանացիների գերխոշոր հաղթանակով' 6:0), ապա ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում էր մրցակցի վերջին խաղերը, որոնց տեսագրությունները, ինքնին, դիտել է:
Հայաստան-Իսպանիա խաղը կկայանա վաղը, ժամը 21.00-ին Հանրապետական մարզադաշտում: