Բացել լրահոսը Փակել լրահոսը
zaruhi, nkar
A A
Հասարակություն

Փոստանջյանը ասուլիսին եկել էր «Վարչապետ» օղիով (տեսանյութ)

 «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ասուլիսին եկել էր  «Վարչապետ» օղիով: Ամիսներ առաջ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ոստիկանություն, հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին, որ Երևանի առևտրի կենտրոններում վաճառվում է օղի, որի վրա պատկերված է ՀՀ դրոշը և վարչապետի լուսանկարը:

Զարուհի Փոստանջյանին ոստիկանությունից պատասխան են տվել, որ  հաղորդումը հանցագործության մասին, ըստ առերևույթ հատկանիշների՝ հանցակազմ չի պարունակում: Մինչդեռ, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ խորհրդանիշների օգտագործումը սահմանված է օրենքով: Հատուկ մարմինները կարող են այն օգտագործել, որոնց ցանկը սպառիչ է:

Ըստ նրա, եթե ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը մաքսատանը՝ դրոշի գետնին լինելու պատճառով աշխատակցից պահանջեց դիմում գրել և աշխատանքից դուրս գալ, ապա վարչապետը պիտի նաև հետևողական լինի առևտրի կենտրոններում վաճառվող «Վարչապետ» օղու համար: Ի դեպ, Փոստանջյանը նշեց, որ  դրոշը ոչ թե գետնին էր գցած, այլ հենած էր պատին:

«Սա օգտագործվում է ամիսներ շարունակ և օրենքի խախտմամբ, ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի արձագանքում: Ինչո՞ւ  նա քայլեր չի ձեռնարկում»,- շեշտեց Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև ապրիլի 5-ին Ազգային ժողովում տրանսգենդեր՝ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:  Ըստ Փոստանջյանի՝ վերջինիս ելույթը օրենքի շրջանակում է եղել՝ նրան այդ իրավունքը տրվել է:

Մանրամասն՝ տեսանյութում: