Մանվել Գրիգորյանը դեռևս կմնա հիվանդանոցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի բողոքի քննության գործով որոշումը։
Դատարանը մերժեց բողոքը։ Փաստաբան Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ Գրիգորյանը դեռևս հիվանդանոցում կմնա։ Այն հարցին, թե ովքեր են այցելում նրան հիվանդանոցում, փաստաբանը պատասխանեց, որ միայն գեներալի հարազատները։
Նշենք, որ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանը մարտին որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը, ինչի դեմ փաստաբանական խումբը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան։
Փաստաբանն ասաց նաև, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու՝ Առաջին ատյանի դատարան գրավի միջնորդություն ունեն ներկայացրած։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան, պատասխանեց, որ դեռևս չեն որոշել։ «Բացի դրանից պետությունը պատասխան է ուղարկել եվրոպական դատարան, և մեր գործընկերները հիմա աշխատում են դրա վրա, դիրքորոշումներ են հայտնում։ Ըստ հավանականության՝ միջազգային կառույցներով, ներպետական ատյաններով կփորձենք պատշաճ իրականացնել պաշտպանությունը»,- ընդգծեց նա։
Փաստաբանը նաև կարծիք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի պես հիվանդություներ ունեցող ցանկացած անձ չի կարող կալանքը կրել։ ԵԿՄ նախկին նախագահի առողջության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, Մկրտչյանի փոխանցմամբ, ստորագրվել է առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի կողմից, ով ստորագրման պահին չի զբաղեցրել տվյալ պաշտոնը, քանի որ վարչապետի որոշմամբ ազատված է եղել։
«Պաշտոնից ազատված անձը ստորագրում է եզրակացությունը, որի իրավունքը չունի։ Եվ այդ եզրակացությունը դրվում է կալանքի բազմաթիվ որոշումների դատական ակտի տակ, և սա մենք համարում ենք ապօրինի»,- շեշտում է փաստաբանը՝ հույս ունենալով, որ դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը պատշաճ ուշադրություն կդարձնեին այս հանգամանքին։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու, շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: