Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները՝ Reykjavík Open-ի առաջատարներ

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող շախմատի GAMMA Reykjavík Open 2019 միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները:

Կայացած 3 տուրից հետո 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են հինգ շախմատիստ, այդ թվում մեր գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Այսօր նախատեսված 4-րդ տուրում նրանք իրար հետ են հանդիպելու:

Մեր երրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ գտնվում է առաջատարներին հետապնդողների ստվար խմբում: Նա առաջիկա տուրում կհանդիպի նորվեգացի գրոսմայստեր Յոհան Սալոմոնի հետ:

Նշենք, որ հեղինակավոր այս մրցաշարում այս տարի մասնակցում են 32 երկրների 239 շախմատիստ, այդ թվում 35 գրոսմայստեր, 45՝ միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետ: