Տորեսը նույնպես վնասվածք ունի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իսպանիայի ընտրանին երեկ անցկացրել է երկու մարզում: Առավոտյան մարզմանը բացակայել են Խավին ու Դանի Գուիսան, որոնք անհատական մարզում են անցկացրել մարմնամարզության դահլիճում: Երեկոյան պարապմունքին մասնակցել են հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Երկկողմանի խաղի ժամանակ ոտքին ուժեղ հարված է ստացել Կասորլան, սակայն նա շարունակել է մարզումը: Իսկ ահա Ֆերնանդո Տորեսը ընդամենը մի քանի րոպե է մասնակցել խաղին, որից հետո տեղափոխվել է մարմնամարզության դահլիճ եւ առանձին շարունակել պարապմունքը: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Խավին ու Գուիսան ծնկի թեթեւակի վնասվածքներ ունեն, իսկ Տորեսը ցավ է զգացել ոտնաթաթում: Ի դեպ, հավաքականի մարզումներին մասնակցել է 17-ամյա հարձակվող Բորխա Գոնսալեսը, սակայն նա չի եղել երկողմանի խաղի ժամանակ:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին օգնելու առաջարկ է արել «Սեւիլյա» ակումբի նախագահ Խոսե Մարի Դել Նիդոն: Նա ասել է, որ իրենց թիմի հարձակվող Խեսուս Նավասը պատրաստ է ցանկացած պահին միանալ հավաքականին եւ փոխարինել այն խաղացողին, ով վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել առաջիկա երկու հանդիպումներին: «Սեւիլյան» միշտ էլ պատրաստ է ֆուտբոլիստներ տրամադրել հավաքականին, սակայն վերջնական որոշում կայացնում է թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն»:
Հավելենք, որ Իսպանիայի հավաքականը Հայաստան կժամանի այսօր, ութ ժամյա թռիչքից հետո, Երեւանի ժամանակով 19:00-ին: