Արսեն Հարությունյանը կպայքարի եվրոպական ոսկու համար
Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթահարելով որակավորման բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ: 61 կգ քաշային կարգի մրցումներում մեր ըմբիշը իրար հետեից հաղթեց ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, թուրք Ռեչեպ Տոփալին, ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին: Եզրափակիչում նա կմրցակցի անցած տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի ըմբիշ Բեկա Լոմտաձեի հետ: Իսկ ահա 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը չնայած քառորդ եզրափակիչում պարտվեց թուրք Թահա Ակգյուլին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ, քանի որ նրա մրցակիցը մտավ եզրափակիչ: Վաղը մեր ըմբիշը նախ կհանդիպի ռումինացի Դանիել Չինտոանի հետ: Նրա հաղթելու դեպքում Անդրանիկ Գալստյանն արդեն 3-րդ տեղի համար մրցամարտում ուժերը կչափի ռուսաստանցի Անզոր Խիզրիեւի հետ: