Բացել լրահոսը Փակել լրահոսը

Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է գործի իր շահերից ելնելով. իրանագետ

A A

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակում։ Այս կապակցությամբ «Ա1+»-ը հեռախոսազրույց ունեցավ իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ։ Իրանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի այս քայլը ևս մեկ անգամ ընդգծում է երկու պետությունների միջև հարաբերությունների ծայրաստիճան լարված լինելը։ Ըստ նրա՝ սա նպատակ ունի թուլացնել իրանական գործոնը և ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբանանում։ «Սա նաև Միացյալ Նահանգների կողմից վարած՝ աշխարհում Իրանի բացասական իմիջի ձևավորման քաղաքականության շարունակությունն է», - շեշտեց Տոնոյանը։ Իրանն էլ իր հերթին, Տոնոյանի փոխանցմամբ, ԱՄՆ զինված կառույցներին սկսել է ընդգրկել ահաբեկչական կառույցների իր ցուցակի մեջ։ Անկախ ԱՄՆ-ի այս քայլերից, ըստ իրանագետի, Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է գործի իր շահերից ելնելով։ «Ա1+»-ի մեկ այլ զրուցակից, ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ նշեց, որ սա կանխատեսելի քայլ էր ԱՄՆ-ի կողմից, քանի որ երկու պետությունների միջև հարաբերությունները թևակոխել են պատմության մեջ ամենալարված փուլերից մեկը, ինչն էլ իր հերթին լարվածություն է առաջ բերում թե՛ աշխարհում, և թե՛ տարածաշրջանում։ Հատկանշական է նաև այն առումով, ըստ միջազգայնագետի, որ սա տեղի ունեցավ Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ «Իսրայելը և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են, և նրանց քաղաքականությունը Մերձավոր Արևելքում գրեթե նույնական է Իրանի նկատմամբ», - ընդգծեց նա։ Ամերիկագետի խոսքով՝ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և Իրանի հետ, և այն հանգամանքը, որ Իրանը հայկական կողմի համար դեպի արտաքին աշխարհ դուրս գալու պատուհաններից մեկն է, ընկալելի է Վաշինգտոնում։ «Եվ ի պատիվ Թեհրանի և Վաշինգտոնի՝ նրանց կողմից որևէ ճնշում երբևէ Երևանի վրա չի եղել՝ այս կամ այն կողմնորոշումն ընտրելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի վարել բալանսավորված քաղաքականություն և ըստ անհրաժեշտության մանևրի», - եզրափակեց նա։