Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոններ
Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադեն» շախմատային թիմի կազմում դարձել են Գերմանիայի ակումբային չեմպիոններ: Տղամարդկանց շախմատի Գերմանիայի բունդեսլիգայի 2018/2019թթ առաջնության վերջին՝ 15-րդ տուրում, «Բադեն-Բադեն» 7:1 հաշվով ջախջախելով «Դյուսելդորֆին», 30 հնարավորից վաստակեց 26 միավոր եւ գրավեց առաջին տեղը: Լեւոն Արոնյանը թիմի կազմում անցկացրած 4 պարտիայում վաստակել է 2,5 միավոր, իսկ Սերգեյ Մովսեսյանը մասնակցել է 7 հանդիպման, որոնցում իր թիմին բերել է 5,5 միավոր: Մեր շախմատիստների հետ միասին չեմպիոն դարձել նաեւ այնպիսի անվանի գրոսմայստերներ, ինչպիսիք են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոն, անգլիացի Մայքլ Ադամսը եւ Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը: 