Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ի մոտ «խասյաթ» է դարձել գումար պահանջելը.«Սպայկայի» տնօրեն (տեսանյութ)

Տնտեսություն
pek-davit-nkar

«Սպայկա» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Ղազարյանը վստահեցնում է, որ 2019-ի համար նախատեսել  էին 100 մլն դոլարի ներդրում, որը պետք է տրամադրեր Զարգացման Եվրոպական Բանկը: «Երկուշաբթի օրը պիտի նստեր մեր հաշվին և պետք է  սկսեր ներդրման մեկնարկը,  որը 1000 աշխատատեղ էր ստեղծելու նոյեմբեր ամսվա համար»:  Սակայն երեկ երեկոյան Դավիթ Ղազարյանը զանգ է ստացել բանկից, որտեղից հայտնել են՝ ժամանակավորապես կանգնեցնում են ֆինանսավորումը, քանի որ իր հետ կապված քրեական գործ կա: Ընկերության տնօրենը հիշեցրեց նաև 2018-ի ամռանը ՊԵԿ-ի հետաքննության վարչությունում հարուցված այն  քրեական գործը, ըստ որի «Սպայկան» 2 մլրդ  45 միլիոն  դրամ պետական բյուջե չի վճարել: Դավիթ Ղազարյանը նշեց, որ այդ ժամանակ ֆինանսական այն կառույցները, որոնք գործակցել են ընկերության հետ բլոկ են գցել «Սպայկային»: Եվ որպեսզի ընկերության աշխատանքը չտուժի, Դավիթ Ղազարյանը վճարել է այդ գումարը. «Գնացել եմ կոմպրոմիսի, որ այդ վիճակից դուրս գամ, քանի որ քաոս էր,և ընկերությունը գնում էր  բանկրոտի: Համաձայնվել եմ, որպեսզի տամ ճշգրտում  շահութահարկի մասով և իմ խոսքը պահել եմ»: Այսօր Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի ՊԵԿ-ի քննչական վարչության կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Դավիթ Ղազարյանը այս գործընթացում քաղաքական հետապնդում չի տեսնում, բայց նկատում է, ՊԵԿ-ը թիվ է ասել, մնացել է տակը: «7 մլրդ դրամ, այդ շինծու թվերը, որ ասում են: Գիտեք ինչ կա, թիվը ուռացրել են, որպեսզի ժողովրդի համար սիրուն լինի»: «Սպայկայի» տնօրենը  նկատեց ՊԵԿ-ի մոտ «խասյաթ» է դարձել գումար պահանջելը: Ի դեպ, Դավիթ Ղազարյնաը հերքեց բոլոր այն խոսակցությունները, որ «Սպայկան» կարող է կապված լինել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի  հետ:  Դավիթ Ղազարյանը նաեւ հերքեց տեղեկատվությունը, որ մի քանի ամիս աշխատողներին աշխատավարձ չեն վճարում։