Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիլյային կփոխարինի Նեգրեդոն

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը' Իսպանիայի ընտրանին, թեեւ երեկ սկսեց ուսումնամարզական հավաք անցկացնել իր գլխավոր մարզաբազայում' Լաս Ռոսաս ֆուտբոլային ավանում, սակայն պարապմունք չանցկացրեց: Բանն այն է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 6-ին կազմակերպեց շնորհանդես' նվիրված ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակին:

Արարողությանը մասնակցեցին Իսպանիայի հավաքականում հանդես եկած եւ հանդես եկող մոտ 500 ֆուտբոլիստներ: Նրանցից ամենատարեցը, 92-ամյա Գաբրիել Խորխե Սոսան էր, որը ներկայումս տեղաշարժվում է անվասայլակով, իսկ ամենակրտսերը «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Բոյան Կրկիչն էր:

Շնորհանդեսին մասնակցեցին Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերը, որը փորձեց գոլ խփել հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեխանդրո Բլանկոն, սպորտի նախարար Խայմե Լիսավեցկին, ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարն ու նախկին նախագահները: Առաջինը հերթական անգամ հայտարարեց, որ Իսպանիան ցանկանում է Պորտուգալիայի հետ անցկացնել աշխարհի 2018 կամ 2022 թթ առաջնության եզրափակիչ մրցաշարը:

Իսկ ահա Իսպանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն զբաղված էր կադրային հարցերով: Նա շտապ կարգով հավաքական է հրավիրել «Սեւիլյայի» 24-ամյա հարձակվող Նեգրեդոյին, որը փոխարինելու է վնասվածք ստացած Դավիդ Վիլյային: Սակայն մկանային վնասվածք ունի նաեւ հավաքականի մեկ այլ հարձակվող Դանի Գուիսան: Ըստ իսպանական լրատվամիջոցների, վերջինիս տեղը Վիսենտե դել Բոսկեն ցանկանում է հրավիրել իսպանական ֆուտբոլի ծագող աստղ, 17-ամյա հարձակվող Բորյա Գոնսալեսին, որը հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյի» 2-րդ թիմում: