Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը Ֆուկույամայի «Ինքնություն» գիրքն է կարդացել բանտում

Քաղաքականություն
Քոչարյան-Ֆուկույամա

 Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում հասցրել է կարդալ քաղաքական փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի «Ինքնություն» (Identity) և հիմա կարդում է Սայմոնս Սայընսի «Առաջնորդություն» (Leadership) գրքերը։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանի դեմ ցուցմունք տվողներն այդքան էլ շատ չեն եղել։ Իսկ որոշ չափով շոկային ցուցմունք է  համարում վարչապետի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանինը։ «Բայց էնտեղ կա մի հատված, որի հետ հնարավոր չէ համաձայն լինել։ Եվ ընդ որում այդ հատվածն ամբողջությամբ հերքվում է թե՛ խորհրդակցությանը ներկա եղած ու հարցաքննված մնացյալ 12 հոգու ցուցմունքներով, թե՛ ուղղակի ինքն իրենով անհեթեթ է»,- ասաց Ալումյանը Կարապետյանի ցուցմունքի վերաբերյալ, որում խոսել է 2008 թվականին զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ այն ժամանակ նախագահ պաշտոնը դեռևս զբաղեցնող Քոչարյանի գումարած խորհրդակցության մասին։ Ըստ Կարապետյանի ցուցմունքի, փաստաբանի փոխանցմամբ, Քոչարյանը կարգադրել է փետրվարի 24-ից մտցնել արտակարգ դրություն, ինչն էլ Ալումյանի խոսքով հերքվում է, քանի որ արտակարգ դրության կետերից որևէ մեկը մինչև փետրվարի 29-ն առկա չի եղել, իսկ դրությունը մտցվել է մարտի 1-ին։ Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ընդգրկված է եղել 0038 հրամանով ձևավորված Երևանի կայազորի պետի վարչակազմում և եղել է կայազորի պետի տեղակալը՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Կարապետյանը Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո, իսկ 2018 թ. Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել էր վարչապետի խորհրդական։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստը կշարունակվի վաղը, ժամը 12-ին: