Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոռացված վետերաններ

Սպորտ

Լեւոն Յաբլուկյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ մարզական ճակատագիր ունեցող ֆուտբոլիստներից է:

Նա 1970-74 թթ հանդես է եկել Երեւանի «Արարատում», երբ մեր լեգենդար թիմը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր եւ գավաթակիր: Սակայն Լեւոն Յաբլուկյանին այդպես էլ բախտ չի վիճակվել կրելու մեդալներից գոնե մեկը կամ գլխավերեւում պահելու բյուրեղապակյա գավաթը. նա այդ տարիներին ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել' մեկնարկային կազմում' հիմնականում տեղ զբաղեցնելով պահեստայինների նստարանին: Սակայն նրան, ինչպես նաեւ մնացած փոխարինող խաղացողներին, նույնպես կարելի է համարել «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ:

Ցավոք, վերջերս Երեւանում կայացած Հայաստան - Վրաստան վետերան ֆուտբոլիստների հանդիպմանը մեր թիմի կազմում, որը հիմնականում կազմված էր հենց «Արարատ-73»-ի խաղացողներով, չկար Լեւոն Յաբլուկյանի անուն-ազգանունը:

«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե ինչու ներկա չէր այդ խաղին, Լեւոն Յաբլուկյանն ասաց. «Նման դեպքերում խաղերի կազմակերպիչներն են որոշում վետերան ֆուտբոլիստներից ում հրավիրել կամ չհրավիրել: Վերջին անգամ ինձ հրավիրել են 1999 թվականին: Այդ տարի մենք ելույթներ ունեցանք Ֆրանսիայում եւ Ղարաբաղում: Հետո եղել են առաջարկներ, բայց մեկ-երկու անգամ, այն էլ ոչ պաշտոնական»:

Լեւոն Յաբլուկյանը հանգիստ է ընդունում այդ փաստը: «Ես ոչ մեկից էլ նեղացած չեմ: Գտնում եմ, որ իրեն հարգող ֆուտբոլիստը երբեք չի առաջարկում իր ծառայությունները նման խաղերի ժամանակ»:

Անվանի վետերանը շարունակում է հետեւել հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ... հեռուստացույցով: «Ինքնին չեմ կարող լիովին կտրվել իմ սիրած մարզաձեւից, բայց առանձնապես չեմ ձգտում գնալ մարզադաշտ: Այլ բան է, երբ աշխատում ես որեւէ ակումբում: Այդ ժամանակ պարզապես պարտավոր ես ներկա լինել խաղերին, որպեսզի պատկերացում կազմես, թե ինչպես են խաղում մրցակիցները»,-ասաց նա:

Հավելենք, որ Հայաստան - Վրաստան վետերանների հանդիպմանը բացակայում էին մի քանի մեր նախկին անվանի ֆուտբոլիստներ եւս, այդ թվում սպորտի վաստակավոր վարպետ Հարություն Քեհեյանը, Սարգիս Հովիվյանը, Ժակ Սուփրիկյանը, Սեյրան Գալստյանը (գոնե որպես հանդիսականներ), Սամվել Պետրոսյանը, Արամ Փարսադանյանը: