Դավիթ Վիլյան չի ժամանի Երեւան
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականները սկսեցին նախապատրաստվել 2010 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի հետ հանդիպմանը:
Եվրոպայի չեմպիոնները այսօր առավոտյան ժամը 11:00-ին հավաքվել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում, որտեղից էլ մեկնել են մարզաբազա: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նախապես թիմ էր հրավիրել 24 ֆուտբոլիստ, սակայն ուսումնամարզական հավաքին կմասնակցեն 23 խաղացողներ: Բացակայում է հավաքականի եւ «Վալենսիայի» առաջատար հարձակվող Դավիդ Վիլյան, որը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության ժամանակ: Երեկ երեկոյան պարզվեց, որ ապաքինվելու համար կպահանջվի մոտ երեք շաբաթ, ուստի հարձակվողը բաց կթողնի ոչ միայն հավաքականի խաղերը, այլեւ երկրի առաջնության «Բարսելոնայի» հետ կարեւոր հանդիպումը:
Իսպանիայի հավաքականը Երեւան կժամանի հոկտեմբերի 8-ին: Ի դեպ, իսպանացիները Հայաստանում կմնան մինչեւ հոկտեմբերի 11-ը, որից հետո կմեկնեն Բոսնիա, որտեղ պետք է անցկացնեն ընտրական փուլի վերջին հանդիպումը:
Թուրքիայի ընտրանին ներկայումս գտնվում է Հոլանդիայում, որտեղ կնախապատրաստվի Բելգիայի հավաքականի հետ արտագնա հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմն այդ նպատակով նույնպես հրավիրել է 24 ֆուտբոլիստ: Այս անգամ թուրքական ֆուտբոլի «կայսրը» նախապատվությունը տվել է երկրի առաջնությունում հանդես եկող խաղացողներին, որոնք թվով 19-ն են: Թուրքիայի հավաքականը օրական կանցկացնի մեկական մարզում: Դրանցից երկուսը նշանակվել է Բուրսայի «Աթաթյուրք» մարզադաշտում, որտեղ տեղի կունենա Թուրքիա - Հայաստան հանդիպումը: