Միլանի «Ինտերը» մտադիր է դատի տալ Դեյվիդ Բեքհեմի սեփական ակումբին
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դատի տալ «Ինտեր Մայամի» ակումբի հիմնադիր, Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին: Այդ մասին հայտնում է calciomercato կայքը: Ինչպես նշում է աղբյուրը, իտալական ակումբը կարծում է, որ ԱՄՆ ներկայացնող թիմը խախտել է հեղինակային իրավունքները՝ թիմի անունը դնելով «Ինտեր»: Այդ իսկ պատճառով, իտալացիները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ամերիկացիների դեմ: «Ինտեր Մայամին», որն նոր է ստեղծվել, 2020 թվականից հանդես կգա ԱՄՆ-ի եւ Կանադայի՝ ՄԼՍ-ի գլխավոր ֆուտբոլային լիգայում: Վերջինիս ղեկավարները հայտարարել են, որ «Ինտեր» անվանումը միջազգային հապավում է, եւ որ այն հաճախ են օգտագործում ֆուտբոլային ակումբները: «Ֆուտբոլում «Ինտեր» անվանումը շատ տարածված է եւ այն երբեք չի դիտարկվում որպես ինչ-որ ֆուտբոլային բրենդ», - նշված է ՄԼՍ-ի հայտարարության մեջ: Նշենք, որ Հայաստանում իր անվան հետ կապված խնդրի առաջ է հայտնվել Երեւանի «Արարատ» ակումբը, երբ անցած տարի Երեւանի «Ակադեմիա» թիմը վերանվանվեց «Արարատ-Արմենիա»: Դա թյուրիմացություններ է առաջացրել անգամ արտասահմանում, երբ թիմերը ընկերական խաղերից առաջ խառնել են այդ թիմերին: