Հայ պատգամավորները չմասնակցեցին
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 1-5-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվեցին Եվրոպայի խորհրդարանական խաղերը' այսպես ասաց Պառլամենտիադան:
Կազմակերպիչները նախապես նշել էին, որ խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել 10 երկրներ, այդ թվում Հայաստանը: Հարկ է նշել, որ Մոսկվա ներկայացան 11 երկրների խորհրդարանական թիմեր, սակայն դրանց մեջ բացակայում էր Հայաստանը: Իսկ ահա Ֆարերյան կղզիների եւ Մեծ Բրիտանիայի պատգամավորական թիմերը վերջին պահին անսպասելի ցանկություն հայտնեցին մասնակցելու խաղերին:
Չորս օրվա մեջ եվրոպական 11 երկրների մոտ 100 պատգամավորներն իրենց հմտությունները ցույց տվեցին սեղանի թենիսի, թենիսի, մինի-ֆուտբոլի, գոլֆի եւ շախմատի մրցումներում: Ընդհանուր հաշվարկով' առաջին տեղը գրավեցին Ռուսաստանի (նրանք հաղթեցին շախմատում եւ մինի ֆուտբոլում), 2-րդ' Լիտվայի (ոսկե մեդալ գոլֆում), 3-րդ' Ռումինիայի (հաղթեցին սեղանի թենիսում), 4-րդ' Ուկրաինայի (ոսկե մեդալ թենիսում) պատգամավորները:
Խաղերն ավարտվեց ֆուտբոլի ընկերական հանդիպումով, որտեղ Ռուսաստանի պատգամավորներն ուժերը չափեցին մնացած երկրների ներկայացուցիչների միացյալ հավաքականի հետ: Այն ավարտվեց կազմակերպիչների հաղթանակով' 10:5, քանի որ նրանց կազմում հանդես եկան հայտնի հոկեյիստ ֆուտբոլիստներ Դմիտրի Ալենիչեւն ու Կոնստանտին Երյոմենկոն (վերջինս մինի-ֆուտբոլի Ռուսաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է), որոնք նույնպես պատգամավորներ են, բայց... մարզերում:
Ավելացնենք, որ 2010 թվականի պառլամենտիադան կկայանա Իսպանիայի Մարբեյա քաղաքում: Այդ մասին հայտարարել է վերջինիս քաղաքագլուխը, որը Իսպանիայի թիմի կազմում մասնակցեց Եվրոպայի խորհրդարանական առաջին խաղերին: