Եթե հայհոյել ես ...
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 24-րդ տուրի «Ուլիս» - «Գանձասար» հանդիպումը քիչ էր մնում սկանդալային ավարտ ունենար:
Հանդիպման 84-րդ րոպեին, երբ «Գանձասարը» երկրորդ գոլը խփեց եւ առաջ անցավ հաշվի մեջ, թիմի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ուրախությունից վազեց դեպի ֆուտբոլիստների կողմը եւ սկսեց ձեռքով շարժումներ կատարել: Դա դուր չեկավ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանին, որն իր գործընկերոջը զայրացած ասաց. «Եթե հայհոյել ես, աչքերդ կհանեմ»: «Գանձասարի» գլխավոր մարզիչը նույնպիսի պատասխան տվեց, եւ քիչ էր մնում, որ նրանք ընդհարվեին: Բարեբախտաբար, կողմերը ժամանակին զսպեցին իրենց կրքերը եւ չշարունակեցին պարզել հարաբերությունները:
Խաղից հետո «Գանձասարի» գլխավոր մարզիչն այդ առիթով ասաց, որ զարմացած է Սեւադա Արզումանյանի պահվածքից: «Ես ժամանակին եղել եմ նրա մարզիչը, եւ ինքը շատ լավ գիտի, որ երբեք չեմ վիրավորել իմ մրցակիցներին: Այդ պահին, պարզապես, ուրախությունից չկարողացա զսպել կրքերս եւ ինքնաբերաբար ձեռքով մի քանի շարժումներ կատարեցի»:
Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը լիբերալ մոտեցավ այդ դրվագին եւ մարզիչներին չհեռացրեց պահեստայինների նստարանից: Իսկ ահա նախօրեին, «Բանանց» - «Շիրակ» հանդիպման ժամանակ, գլխավոր մրցավարը հեռացրեց դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, որը վիճաբանել էր 4-րդ մրցավարի հետ:
Հավելենք, որ 24-րդ տուրից հետո առաջնությունը կրկին սկսեց գլխավորել հանրապետության գործող չեմպիոն «Փյունիկը», որը հեշտությամբ հաղթեց «Կիլիկիային»: իսկ ահա մյուս առաջատարը' «Միկան», կարեւոր միավորներ կորցրեց ետնապահ «Արարատի» հետ խաղում, թեեւ առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:0 հաշվով:
24-րդ տուր
«Կիլիկիա» - «Փյունիկ»' 0:3
«Բանանց» - «Շիրակ»' 0:0
«Ուլիս» - «Գանձասար»' 1:2
«Արարատ» - «Միկա»' 2:2
Խ Մ
1. Փյունիկ 24 53
2. Միկա 24 51
3. Ուլիս 24 43
4. Բանանց 24 42
5. Գանձասար 24 32
6. Շիրակ 24 23
7. Կիլիկիա 24 16
8. Արարատ 24 10