Ընդամենը մեկ արծաթ
Աջակցիր «Ա1+»-ինԴանիական Հերնինգ քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր մարզիկները նվաճեցին ընդամենը մեկ մեդալ: 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը միայն եզրափակիչում զիջեց իրանցի մրցակցին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Մրցանակին մոտ էր նաեւ 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, որը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց երկու սփոփիչ մարտերում, սակայն երրորդում պարտվեց կուբացի ըմբիշին եւ մնաց առանց ավարի:
Մեր մյուս ներկայացուցիչները' 60 կգ քաշային Արտակ Հարությունյանը, Արսեն Ջուլֆալաքյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Արման Գեղամյանը (96 կգ), Յուրի Պատրիկիեւը (120 կգ) շատ անհաջող հանդես եկան եւ արդեն նախնական փուլերում դուրս մնացին հետագա պայքարից:
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ մասնակիցը' 67 կգ քաշային Կարինե Շաբոյանը, չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը:
Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 16-րդ, հունահռոմեականը' 11-րդ տեղը:
Ընդհանուր հաշվարկով (23 միավոր) մեր ըմբիշները գրավեցին 11-րդ հորիզոնականը, ետ մնալով Ռուսաստանից (94), Ադրբեջանից (86), Իրանից (79), Թուրքիայից (71), Կուբայից (38), Ուզբեկստանից ու Բելառուսից (35-ական), Վրաստանից (33), Ուկրաինայից ու ԱՄՆ-ից (30-ական):
Ի դեպ, Ադրբեջանի կանանց հավաքականը թիմային հաշվարկով ճանաչվել է առաջինը: