Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ (տեսանյութ)

Սպորտ

Հայաստանի հավաքականն առաջին անգամ գոլեր խփեց Բելգիայի հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի 2010 թ առաջնության ընտրական փուլում` 2:1 հաշվով պարտության մատնելով Բելգիայի ազգային թիմին: Դա նաեւ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի անդրանիկ հաղթանակն էր այդ պաշտոնում:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց մեր ընտրանու հարձակվող Հովհաննես Գոհարյանը: Մինչ այդ գոլային ռեալ պահ ունեցավ Արման Քարամյանը, որը մեն-մենակ հայտնվեց մրցակցի դարպասի դեմ եւ մոտիկից հարվածեց, սակայն բելգիացիների դարպասապահը հասցրեց ոտքով ետ մղել գնդակը: Երկրորդ խաղակեսում անհատական վարպետությամբ աչքի ընկավ մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը 50-րդ րոպեին միայնակ, անսպասելի ճեղքում ձեռնարկեց, ապա հուժկու հարվածով գնդակն ուղարկեց դարպասի աջ անկյունը` 2:0:

Գոլից հետո հյուրերն ակտիվացան եւ սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել, սակայն նրանց հաջողվեց ընդամենը թրջել հաշիվը, այն էլ մրցավարի կողմից ավելացրած ժամանակի վերջին րոպեին: Աչքի ընկավ բելգիացիների ամենաբարձրահասակ խաղացողը` կենտրոնական պաշտպան Դանիել Վան Բույտենը, որը հանդիպման վերջին 10 րոպեներին ավելի շատ կատարում էր կենտրոնական հարձակվողի պարտականություններ:

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը խաղից հետո ասաց, որ Հայաստանի հավաքականը իրենց ցույց տվեց, թե ինչպես է պետք պայքարել, ձգտում դրսեւորել հաղթանակի հասնելու համար, ինչն որոշ չափով բացակայում էր իր ֆուտբոլիստների մոտ: Հայաստանի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, թիմը խաղաց այնպես, ինչպես եւ բոսնիացիների հետ հանդիպմանը, սակայն մրցակիցների խաղամակարդակների տարբերության հաշվին հաջողվեց հաղթանակ տանել այս խաղում: «Հայաստանի հավաքականն ունի ներուժ: Ինքս նկատում եմ, որ թիմի խաղը գնալով որակապես փոխվում է: Տղաների մոտ կա նվիրվածություն, պայքարելու ցանկություն: Բոլորս էլ գիտենք, որ լավ խաղով միայն կլինեն արդյունքներ»:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Բելգիայի ազգային թիմին` նրա հետ անցկացրած 6 հանդիպումներում, բացի այդ առաջին անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Իսկ ամենահուզիչը եւ տպավորիչը` քաղաքի փողոցերում մինչեւ ուշ հաղթանակը տոնող ֆուտբոլասերներն էին, որոնք թմբուկներով, դրոշներով ինքնաբուխ երթ էին կազմակերպել , տոնում էին հաղթանակը եւ հաղորդակից էին դարձնում ուրախությանը բոլորiն, նույնիսկ նրանց, ովքեր անտարբեր, մինչ այդ, նստած էին սրճարաններում: