Առանց վահանակների
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 2 շաբաթ: Սակայն առայսօր համալիրի մոտակա տարածքում չկա այդ մրցաշարի մասին տեղեկացնող որեւէ գովազդային վահանակ կամ գոնե փոքրիկ պաստառ: Բայց ահա մոտակայքով անցնող մեր քաղաքացիները կարող են տեղեկանալ սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 10-ին համալիրում կայանալիք համերգների մասին:
Մարզահամերգային համալիրի փոխտնօրեն Վահագն Գեւորգյանն ասաց, որ առաջնության գովազդով զբաղվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան. «Մենք ընդամենը վարձավճարով տրամադրել ենք մարզադահլիճը ձյուդոյի ֆեդերացիային: Մնացած բոլոր կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու է հենց ֆեդերացիան, այդ թվում մրցումների գովազդը համալիրի տարածքում»:
Ինչպես հայտնեց Վահագն Գեւորգյանը, ձյուդոյի առաջնությանը հետ կապված հիմնական աշխատանքները համալիրում կսկսվեն սեպտեմբերի 1-ից, որպեսզի մրցումներից 2-3 օր առաջ ամեն ինչ պատրաստ լինի այն անցկացնելու համար:
Ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայից առաջնությունը գովազդելու վերաբերյալ ասացին, որ առանձին գումար չեն նախատեսել գովազդային պաստառների համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-13-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: