Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլը չի ֆինանսավորվի

Սպորտ

Այս տարի պետության կողմից ֆինանսական օգնություն են ստացել 29 մարզաձեւեր (դրանք պարտադիր պետք է լինեն օլիմպիական ձեւեր): Ինչպես տեղեկացանք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանից, 2010 թվականին պետբյուջեից կֆինանսավորվեն արդեն 31 ֆեդերացիաներ: Մարզաձեւերին կավելանան նաեւ ռեգբին ու սեղանի թենիսը:

Օլիմպիական սպորտաձեւերից պետական ցուցակում բացակայում է ֆուտբոլը: Սամվել Խաչատրյանն ասաց, որ ֆուտբոլը երբեք չի ընդգրկվել աջակցություն ստացող մարզաձեւերի մեջ, սակայն դա չի նշանակում, որ լիովին անտեսվել է կառավարության կողմից:
«Ֆուտբոլի ֆեդերացիան եթե ֆինանսական օգնություն ստանալու համար դիմում է նախարարությանը, այն մենք ներկայացնում ենք կառավարությանը, որն էլ որոշում է, ընթացք տալ դրան, թե`ոչ: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը բազմիցս ֆինանսապես աջակցել է ՖՖ-ին»,-ասաց նա:

Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի մամուլի ծառայությունից այս հարցի կապակցությամբ հայտնեցին, որ 1,5 ամիս առաջ ֆեդերացիան սահմանված կարգի համաձայն հայտ է ներկայացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` ֆինանսական աջակցություն ստանալու համար, սակայն առայսօր պատասխան չի ստացել: