Ինչո՞ւ փոխեց մարզադաշտը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում չնայած հանդես են գալիս ընդամենը 8 թիմեր, սակայն դրանք ժամանակ առ ժամանակ մարզադաշտերի հետ կապված խնդիրներ են ունենում:
Օրինակ, Երեւանի «Ուլիսն», որն այս մրցաշրջանում իր խաղերն անցկացնում էր «Միկա» մարզադաշտում, անսպասելի նման խնդիրներ ունեցավ, ուստի որոշեց առաջնության վերջնամասում հյուրերին ընդունել այլ մարզակառույցներում:
Մասնավորապես, առաջնության 20-րդ, 22-րդ եւ 24-րդ տուրերում «Ուլիսն» իր խաղերն կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում, իսկ վերջին երկու հանդիպումներում թիմի սեփական դաշտը կդառնա «Նաիրի» մարզադաշտը: Ի դեպ, հարկ է նշել, որ մրցաշրջանից առաջ ակումբը որպես փոխարինող մարզադաշտ ընտրել էր Ոսկեհատի խաղադաշտը:
«Ուլիսի» գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանն նման տեղափոխությունն բացատրեց այն բանով, որ թիմի մարզիչներն են ցանկացել փոխել խաղադաշտը, իսկ թե ինչու, ոչինչ չեն ասել:
Իսկ ահա «Միկա» մարզադաշտի տնօրեն Կառլոս Ղազարյանը, որը նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, զարմացած է «Ուլիսի» նման անսպասելի որոշման համար: «Մենք այդ մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից: Մրցաշրջանից առաջ «Միկա» ակումբն ընդառաջ գնաց «Ուլիսի» ղեկավարությանը եւ համաձայնեց մարզադաշտը տրամադրել նաեւ «Ուլիսին»: Չգիտեմ, թե որն է հիմնական պատճառը, որ «Ուլիսը» որոշեց խաղալ ուրիշ մարզադաշտերում: Միգուցե այն, որ թիմը վերջին խաղում պարտվեց «Միկային», կամ այն, որ մենք պահանջկոտ էինք խաղադաշտը շահագործելու հարցում: Համենայնդեպս, մենք ամեն ինչ արել ենք թիմի խաղերը պատշած մակարդակով անցկացնելու համար: Կարծում եմ, որ եթե «Ուլիսը» խնդիրներ ուներ կապված մեր մարզադաշտի հետ, ապա ակումբի ղեկավարները պետք է նախապես տեղեկացնեին մեզ այդ մասին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ հարաբերությունների ժամանակ: Իսկ այդպես հեռանալը պարզապես վիրավորական է»: