Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայր եւ որդի արժանացան նույն ճակատագրին

Սպորտ

 Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Կարեն Խաչատրյանն այլեւս չի կարող խաղալ այս մրցաշրջանում, եթե ակումբի ղեկավարները վերջնականապես հրաժարվեն նրա ծառայություններից: Բանն այն է, որ ՀՀ առաջնության բարձրագույն խմբի «Փյունիկ» - «Բանանց» հետաձգված հանդիպումից հետո փյունիկցիների գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ Կարեն Խաչատրյանը հեռացված է թիմից:

Երիտասարդ ֆուտբոլիստի համար նման տխուր եզրակացություն կատարեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների անցկացման եւ կազմակերպման բաժնի վարիչ Ռոբերտ Դալլաքյանը: «Ֆուտբոլիստների տեղափոխման նոր կանոնակարգով, ֆուտբոլիստը չի կարող տեղափոխվել մեկ այլ ակումբ, եթե արդեն փակված է տրանսֆերային պատուհանը: Բացառություն չի արվում ոչ մեկի համար, ոչ հավաքականի անդամների, ոչ լեգեոնականների, ոչ վետերանների եւ այլնի համար»:

Մեր այն հարցին, արդյոք ֆուտբոլիստը կարող է հանդես գալ 1-ին խմբի թիմերից մեկում, պարոն Դալլաքյանն ասաց, որ ոչ, քանի որ սույն մրցաշարը նույնպես ոչ սիրողական բնույթ է կրում:

Դալլաքյանին զարմացնում է այն փաստը, որ ֆուտբոլիստը համաձայնվել է ակումբի որոշման հետ: «Մեր ֆուտբոլիստներն ընդհանրապես անտեղյակ են իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, նույնիսկ չեն կարողանում պաշտպանել սեփական շահերը: Օրինակ` կանոնակարգում գրված է, որ մրցաշրջանի ժամանակ ակումբը չի կարող միակողմանի չեղյալ համարել ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը: Նույնը վերաբերում է նաեւ ֆուտբոլիստին, որը նույնպես չի կարող խզել արդեն ստորագրած պայմանագիրը, եթե դրա հետ համաձայն չեն ակումբի ղեկավարները»:

Նշենք, որ «Փյունիկ» ակումբն առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել ՀՖՖ-ին` Կարեն Խաչատրյանի ազատման մասին, իսկ ֆուտբոլիստը չի դիմել բողոք-նամակով: «Փյունիկի» մամուլի ծառայությունից այս կապակցությամբ ասացին, որ ներկայում ակումբի ղեկավարները մտածում են, թե ինչպես վարվեն ֆուտբոլիստի հետ` ազատ կարգավիճակ տան, թե հանեն տրանսֆերի:

Սակայն այս «գործում» կա մեկ անտրամաբանական պահ: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ֆուտբոլիստին հեռացնելու փաստը պատճառաբանել է նրա անհաջող խաղով: Ընդհանրապես, եթե խաղացողը կորցնում է մարզավիճակը, սկսում է վատ խաղալ, նրան սովորաբար տեղափոխում են փոխարինողների կազմ: Հիշեցնենք, որ «Փյունիկն» ունի երկու դուստր թիմեր, որոնք հանդես են գալիս 1-ին խմբում: Սակայն «Փյունիկի» ղեկավարները Կարեն Խաչատրյանին իր վատ խաղի համար ցույց տվեցին ... դուռը:

Ի դեպ, 12 տարի առաջ, 1997 թվականին, նույնպես հանելուկային պայմաններում, «Փյունիկից» հեռացվել էր թիմի կենտրոնական պաշտպան Վարդան Խաչատրյանը, ով Կարենի հայրն է: Սակայն Վարդան Խաչատրյանն այն ժամանակ 29 տարեկան էր, իսկ ահա Կարենը այս տարվա ապրիլի 22-ին դարձավ ընդամենը 21 տարեկան: