Ադրբեջանը դեռ չի որոշել
Աջակցիր «Ա1+»-ինԱռայժմ պարզ չէ, թե Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականը կմասնակցի՞ Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, թե՞ ոչ:
Մրցաշարը անցկացվելու է սեպտեմբերի 11-13-ը, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այսօրվա տվյալներով` մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել աշխարհամասի 40 երկրներ: Նրանց թվում են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ արդրբեջանական կողմը տվել է իր նախնական համաձայնությունը առաջնությանը մասնակցելու համար, սակայն այն դեռ չեն հաստատել վերջնականապես: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը պատրաստվում է այցելել Հայաստան` տեղում քննարկելու իրենց հուզող հարցերը: Ինչպես նշել է նախարարը, եթե հայկական կողմի առաջարկած անվտանգության ապահովությունը չբավարարի իրենց, ապա Ադրբեջանը կհրաժարվի մասնակցությունից:
Այս առաջնության կանոնակարգով մասնակից երկրներն իրենց վերջնական հայտերը կազմակերպիչ երկրին պետք է ներկայացնեն օգոստոսի 31-ին: Հենց այդ օրը հայտնի կդառնա, թե քանի երկրներ կմասնակցեն երեւանյան մրցաշարին:
Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին, երբ կսկսվի մասնակից երկրների պատվիրակությունների ժամանման գործընթացը: Ի դեպ, Իսրայելի եւ Ֆինլանդիայի թիմերը Հայաստան կժամանեն մեկ օր շուտ, սեպտեմբերի 8-ին: Վիճակահանության արարողությունը տեղի կունենա ամսի 10-ին, ժամը 20:00-ին, «Անի» հյուրանոցում: Այդ արարողությունից ուշացող թիմերը կզրկվեն մրցաշարին մասնակցելու իրավունքից:
Երեւանյան առաջնությանն ամբողջական թիմով, այսինքն 16-ական հոգով (8 աղջիկ եւ 8 երիտասարդ) կմասնակցեն 6 երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Հոլանդիայի հավաքականները: Ի դեպ, առաջնության կազմակերպիչ երկրներին այս հարցում արտոնություն չի տրվում: Դրանք նույնպես կարող են հայտավորել ընդամենը 16 մարզիկ-մարզուհի, այսինքն մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում: Նշենք, որ Հայաստանը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը կմասնակցի ոչ լրիվ կազմով` 8 տղա եւ 5-6 աղջիկ:
Արդեն հայտնի են այն հյուրանոցները, որտեղ կհանգրվանեն թիմերը: Մասնակիցների հիմնական մասը այդ օրերին կօթեւանեն «Անի» հյուրանոցում, որտեղ էլ տեղի կունենա մարզիկ-մարզուհիների կշռման գործընթացը: