Աշխատանք է ուզում` ազատություն զգալու համար
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանում բարձրագույն կրթությամբ ընդամենը մի քանի բացարձակ կույր է ապրում: Նրանցից մեկը Վանաձորի բնակիչ Վահան Սարգսյանն է:
«Մեր պետությունը չի ցանկանում ինտեգրել հաշմանդամներին: Դրանք ընդամենը հայտարարություններ են: Հակառակ դեպքում` այդպիսի ողբալի վիճակում չէին լինի այն ընկերություններն ու հիմնարկները, որոնք հաշմանդամներին ինտեգրվելու հնարավորություն էին տալիս, մեզ ապահովում էին աշխատանքով»: Խոսքը վերաբերում է նաեւ Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ՍՊԸ-ին:
Միայն Վանաձորում այսօր ապրում է տեսողության հետ խնդիրներ ունեցող մոտ 500 մարդ, որոնցից միայն 15-ն են ժամանակ առ ժամանակ կարողանում աշխատել Հայաստանի Կույրերի միավորման Վանաձորի ՍՊԸ-ում, որտեղ արտադրում են ցածր լարման բլոկներ: Դադարից հետո, մեկ տարի առաջ ընկերությունը սկսել է նորից աշխատել, սակայն ոչ ամբողջ հզորությամբ: Ամբողջ ամսվա ընթացքում աշխատելու դեպքում Վահանը ստանում է 30-35 հազար դրամ, սակայն լավագույն դեպքում աշխատում է 10 օր եւ ստանւմ 10-15 հազար: Ի դեպ, 1996թ. ընկերությունում աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունեցել:
«Ինձ աշխատանք է անհրաժեշտ ազատութուն, անկախություն զգալու համար: Ես հրաժարվել եմ իմ անձնական ընտանիքը ունենալու հնարավորությունից, որպեսզի կարողանամ ապահովել ծնողներիս ծերությունը: Այսօր ես զրկված եմ այդ հնարավորությունից եւ իմ ապրելը չի արդարացվում»,- ասաց Վահանը:
Նրա կարծիքով այսօր ոչ միայն պետությունը քայլեր չի անում հաշմանդամին ինտեգրելու, այլեւ հասարակությունն էլ պատրաստ չէ դրան. «Ոչ թե հաշմանդամը պետք է ինտեգրվի հասարակությունում, այլ` հասարակությունը պետք է ինտեգրվի հաշմանդամին, եթե իհարկե, նման ցանկություն կա: Մարդիկ պատրաստ չեն, խուսափում են շփվել հաշմանդամի հետ: Ավելի շատ առողջ մարդիկ կոմպլեքսներ ունեն հաշմանդամի հետ շփվելիս, քան հաշմանդամը»:
1991թ.Վահանն ընդունվել է ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, սակայն Երեւանում բնակվելու հնարավորություն չունենալու պատճառով` տեղափոխվել է ծննդավայր եւ 1996թ.ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նույն ֆակուլտետը: Իր մասնագիտությամբ նա աշխատել է ընդամենը մի քանի ամիս` 2004թ. հասարակական կազմակերպություններից մեկի ծրագրով տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողներին սովորեցրել է գրել եւ կարդալ:
Իր կյանքի ընթացքում նա նաեւ մի անգամ է առիթ ունցել շփվել արտերկրում ապրող կույրերի հետ: «Նրանք անհամեմատ ավելի ազատ են, ինքնուրույն, կարողանում են օգտագործել իրենց հնարավորությունները, հասարակությունը նրանց չի մեկուսացնում»:
Լիարժեք կյանքով ապրելու, իր գիտելիքներն ու ունակություններն օգտագործելու համար այսօր Վահանին առաջին հերթին աշխատանք է անհրաժեշը: Արտերկիր մեկնելու հնարավորություն ունենալու դեպքում նա պատրաստ է հեռանալ. «Իհարկե, կգնամ, բայց ոչ նեղացած: Մեր երկրում այսօր նույնիսկ լիարժեք առողջ մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել, էլ ուր մնաց հաշմանդամներս»:
Իր ամբողջ օրը Վահանը հիմնականում անցկացնում է ընթերցանությամբ: Ի դեպ, նա տիրապետում է համակարգչի, կարող է կատարել ցանկացած աշխատանք, որը կապված է ձայնի հետ ու դրա համար անհրաժեշտ չէ ինքնուրույն տեղաշաժվել.
«Օրինակ, կարող եմ աշխատել տաքսի ծառայությունում որպես հեռախոսավար: Կարող եմ աշխատել ռադիոյում` պատրաստել նյութեր, մի խոսքով կանեմ, այն ինչ կախված է ինձանից»:
Մեր օրենսդրության համաձայն` գործատուն հաշմանդամին աշխատանքով ապահովելու դեպքում ազատվում է որոշ հարկերից, սակայն սա էլ չի գայթակղում մեր գործատուներին:
Թեեւ օրերով Վահանը տանից դուրս չի գալիս, սակայն անտարբեր չէ իր շուրջը կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ: Մասնակցում է բոլոր ընտրություններին: Քաղաքականության վերաբերյալ իր տեսակետներն արտահայտում է բանաստեղծություններով: Այսօրվա իրավիճակն նա այսպես է տեսնում.
«Ներկան ատում եմ, անցյալն անիծում
Ես չեմ հավատում պայծառ գալիքին:
Վատին հաշտվում եմ, լավին հալածում
Ու կասկածում եմ ինձ ու ամենքին»: