Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները ննջում են աթոռներին

Մարզեր

Ախթալայի համար 1 մանկապարտեզն այսուհետ կկրի ծնունդով ախթալեցի Ծովինար Բլուդյանի անունը։ Անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ինչպես նրա որդին՝ Ռուսաստանի կառավարության անդամ Նորայր Բլուդյանը, այնպես էլ բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանն ու Սյուզի Կենտիկյանը։
Ախթալայի համար 1 մանկապարտեզ այժմ 30 երեխա է հաճախում։

Ցանկացողներ ավելի շատ կան, բայց շենքային պայմանները չեն բավարարում։ Այդ 30 երեխաներին էլ ընդունում են հսկայական շենքի միայն մեկ սենյակում։ Այն մեկ տարի առաջ բարվոք տեսքի են բերել" Շենքի մյուս սենյակներն անմխիթար վիճակում են։ Մեկ սենյակում էլ հնարավորություն չունեն տարիքային տարբեր խմբերի երեխաներին առանձնացնել։ Երեխաները նույնիսկ մահճակալ չունեն։ Մանկավարժները ստիպված երեխաներին քնից շեղում են։ Հակառակ դեպքում ննջում են հենց աթոռների վրա։

Խնդիրները միայն այդքանը չեն, մանկապարտեզում չորս օրը մեկ անգամ են ջուր տալիս, այն էլ կարճ ժամանակով։ Այդ ընթացքում աշխատողները հազիվ հասցնում են ջուր պահեստավորել։
ՙԷս որ դարում ենք ապրում, որ երեխաները կոտրված պատուհաններ տեսնեն, մեխով փակվող դռներ տեսնեն։ Ուղղակի մեզ պետք է, որ մանկապարտեզը ապրի, վերանորոգեն ու ապրի՚ - ասում են մանկապարտեզի աշխատողները ու ավելացնում, որ քաղաքապետարանում հույս են տվել, թե մանկապարտեզը կվերանորոգեն։ Դրան են սպասում նաև շատ ծնողներ, որպեսզի երեխաներին մանկապարտեզ ուղարկեն։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ