Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» պատրաստվում է ռեւանշի

Սպորտ

Այսօր Երեւանի  «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար» - «Բրեդա» պատասխան խաղը:

Երեկ, ինչպես ընդունված է, երկու թիմերը մարզումներ անցկացրին հանդիպման մրցասպարեզում:

Ժամը 19:00-ին մարզվեցին գանձասարցիները, իսկ 20:00-ին նշանակված էր հյուրերի պարապմունքը: Սակայն հոլանդական  թիմն մոտ 25 րոպե առաջ ժամանեց մարզադաշտ եւ ինչ-որ տեղ շեղեց մեր ֆուտբոլիստների ուշադրությունը: «Հանրապետականի» աշխատակիցները «Բրեդայի» ղեկավարներին առաջարկեցին  ֆուտբոլիստներին ժամանակավոր տանել հանդերձարան, սակայն նրանք չցանկացան ժամանակ կորցնել եւ խնդրեցին իրենց դրամադրել դարպասներից մեկի ետեւի տարածքը' թեթեւակի նախավարժանք անցկացնելու համար: Հոլանդացիները հյուսիսային դարպասի ետեւում շրջան կազմեցին եւ սկսեցին, այսպես ասած' «չլոցի» խաղալ:

Մեր թղթակցի հետ զրույցում «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասաց, որ չնայած առաջին խաղում կրած խոշոր պարտությանը'0:6, թիմը բավական լրջորեն է նախապատրաստվել հանդիպմանը եւ մարտականորեն է տրամադրված: «Մեր համար պատվի հարց է պատասխան խաղում դրական արդյունքի հասնելը: Մենք արդեն ծանոթ ենք մրցակցի թույլ եւ ուժեց կողմերին, գիտենք, թե ինչպես կարելի է խաղալ նրանց դեմ: Իսկ ահա առաջին խաղից առաջ ոչ մի պատկերացում չունեինք մրցակցի ներուժի մասին»,-ասաց նա:

Ինչպես խոստովանեց մասնագետը, իր կարիերայում երկրորդ անգամ է պարտվում նման խոշոր' 0:6 հաշվով, սակայն առաջինը եղել է հեռավոր 1993 թվականին, Հայաստանի առաջնությունում: «Այն ժամանակ մեր թիմը' «Լեռնային Ղարաբաղը», որը հիմնականում համալրված էր երիտասարդ խաղացողներով, առաջին անգամ էր մասնակցում Հայաստանի առաջնությանը, եւ մենք խաղերից մեկում 0:6 հաշվով զիջեցինք երկրի չեմպիոն ՀՄԸՄ-ին: Սակայն «Բրեդայից» կրած պարտությունն ավելի ցավալի տարա, քանի որ մենք այդ խաղում ներկայացնում էինք ոչ միայն մեր ակումբը, այլեւ Հայաստանի ֆուտբոլը»:

Հայտնենք, որ խաղը կսկսի ոչ թե նախապես որոշված ժամը 20:00-ին, այլ 20.30-ին: Մուտքն անվճար է: