«Մարդասպան թագուհին» առայժմ չի սիրահարվել
Աջակցիր «Ա1+»-ին«Բռնցքամարտը շատ դժվար մարզաձեւ է կանանց համար: Բայց ես սիրում եմ կռվել, մարդկանց ցույց տալ իմ ուժը, ուստի չեմ զղջում, որ ընտրել եմ այս մարզաձեւը», - խոստովանում է կանանց բռնցքամարտի WBA եւ WIBF տարբերակով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Վարջինս ընտանիքի հետ Գերմանիա գաղթելուց հետո, 18 տարվա մեջ առաջին անգամ, ժամանել է Հայաստան եւ այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում առաջին անգամ հանդիպեց Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Բռնցքամարտով զբաղվում եմ 10 տարեկանից, իսկ 16-ից սկսել եմ իմ պրոֆեսիոնալ կարիերան: Արդեն անցկացրել եմ 25 մենամարտ, եւ բոլորում էլ ծեծել եմ իմ մրցակիցներին (21-ամյա մարզուհին հաղթել բառի տեղը սիրում է օգտագործել հենց ծեծել բառը): Ցանկանում եմ շարունակել հաղթարշավս, որպեսզի տիրեմ նաեւ աշխարհի չեմպիոնի երրորդ գոտուն», - ասում է Կենտիկյանը: Սակայն դրա համար նա պետք է հաղթի ոչ միայն իր մրցակցին, այլեւ ... իտալական մաֆիային.
«Իմ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի երրորդ գոտին ներկայում պատկանում է իտալուհի բռնցքամարտիկի: Նա չի ցանկանում իմ հետ մրցել Իտալիայի սահմաններից դուրս, քանի որ նրա թիկունքին կանքնած է իտալական մաֆիան: Եթե ես նրան հաղթեմ իր իսկ երկրում, միեւնույն է, մրցավարներն ինձ պարտություն կգրանցեն: Նման փաստեր արդեն գրանցվել են նրա մենամարտերի ժամանակ: Մյուս երազանքս այն է, որ մրցամարտեր անցկացնեմ նաեւ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայստանում»:
Կենտիկյանին բռնցքամարտի աշխարհում անվանում են «Մարդասպան թագուհի»: «Դա իմ, այսպես ասաց, ածական անունն է: Բռնցքամարտում, երբ մարզիկը կամ մարզուհին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքում, նրա գործակալները նրան ածական անուն են տալիս, որպեսի ավելի տպավորիչ լինի նրա գովազդը: Հաշվի առնելով իմ մենամարտելու ոճը' մրցամարտ կազմակերպողներն ինձ տվեցին «Մարդասպան թագուհի» անվանումը: Սակայն իրական կյանքում ոչ մարդասպան եմ, ոչ էլ' թագուհի: Ես նորմալ հայ աղջիկ եմ, պարզապես երբ մտնում եմ ռինգ, կերպարանափոխվում եմ եւ ցանկանում եմ ծեծել իմ մրցակցին»:
Կենտիկյանը նաեւ ասաց, որ դեռ չի սիրահարվել, չունի ընկեր: Սյուզին չի խուսափում խոհանոցում աշխատելուց, հաճույքով է պատրաստում հայկական խորտիկներ, ճաշատեսակներ, բայց, այնուամենայնիվ, բոլորից շատ սիրում է ռինգ մտնել ու ...: