Թույլ չեն տա անազնիվ մրցակցություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» ֆուտբոլի հանրապետական առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի առաջին կեսից հետո հանգրվանել է վերջին տեղում' 14 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր:
«Եթե մրցավարները նորմալ վարեն խաղերը, ապա իմ կարծիքով, «Արարատը» կկարողանա հրաժեշտ տալ վերջին տեղին, քանի որ թիմը ուժեղացել է եւ ավելի լավ արդյունք ցույց կտա,- թիմի անհաջողությունը բացատրում է «Արարատի» փոխնախագահ Արկադի Անդրեասյանը,- Ճիշտ է, նախկին թիմը նույնպես ուժեղ էր, բայց բոլորիս հայտնի պատճառներով մեզ հաջողվեց վաստակել ընդամենը մեկ միավոր»:
«Արարատն» արդեն պայմանագիր է կնքել երեք սերբ, երկու բելառուսցի, մեկ ռուսաստանցի եւ մեկ եգիպտացի խաղացողի հետ: Թիմ են հրավիրել նաեւ մեր առաջնությունում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների: Միաժամանակ «Արարատից» հեռացել են 17 ֆուտբոլիստ:«Նրանցից մի քանիսը ինքնակամ ցանկություն հայտնեցին տեղափոխվել այլ ակումբ, ոմանք հավանաբար զգացին, որ չեն կարող խաղալ թիմում, իսկ մի մասը, կարելի է ասել, չդիմացան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ մրցավարների կողմից իրականացվող ճնշմանը, որը մշտապես զգացվում էր բոլոր խաղերի ժամանակ»,-ասում է Անդրեասյանը:
Նրա կարծիքով'առաջնության երկրորդ կեսում դժվար կլինի ոչ միայն թիմի, այլեւ մրցավարների համար, քանի որ «Արարատը» փոխվել է եւ ավելի մարտունակ է դարձել:
«Բացի այդ, նրանք պետք է զգույշ լինեն, քանի որ մեր թիմում հանդես են գալու մեծ թվով արտասահմանցի խաղացողներ, ուստի անազնիվ մրցավարության դեպքում նրանք կարող են այդ մասին տեղյակ պահել իրենց երկրների լրատվամիջոցներին: Իսկ հակառակ դեպքում ոչ մենք առաջ կգնանք, ոչ էլ մեր մյուս ակումբները»,- նշեց նա: