Միջազգային մրցասպարեզներում
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի մայրաքաղաք Հռոմում սկսվել է ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը: Մրցումային երեք օրից հետո բոլորից հաջող հանդես են գալիս Չինաստանի ներկայացուցիչները, որոնք արդեն նվաճել են 9 մեդալ`3-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ: Չինացի մարզիկները հաղթող են ճանաչել միայն ջրացատկի մրցումներում: Թիմային հաշվարկով երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանի հավաքականը նվաճել է ընդամենը երեք մեդալ, բայց բոլորն էլ բարձր որակի:
Այսօր կկայանա «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի հերթական, 16-րդ մրցափուլը, Մարտինի - Բոր Սեն Մորիս քաղաքների միջեւ (տարածությունը` 159 կմ): 15 փուլից հետո մրցավազքը գլխավորում է իսպանացի Ալբերտո Կոնդադորը: Նրանից 1 րոպե 37 վայրկյանով ետ է մնում աշխարհահռչակ հեծանվորդ, ամերիկացի Լենս Արմստրոնգը: Երրորդ տեղում ընթանում է բրիտանացի Բրեդլի Ուիգինսը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած թեթեւ աթլետիկայի «Ոսկե լիգայի» 4-րդ մրցաշարից հետո, գլխավոր մրցանակի` 1 մլն դոլար արժողության ոսկեսալիկի համար, պայքարը կշարունակեն միայն չորս աթլետներ: Դրանք են եթովպիացի վազորդ Կենենիսա Բեկելեն (3000 մ), ճամայկացի սպրինտեր Կերոն Ստյուարտը (100 մ), ամերիկուհի վազորդ Սանյա Ռիչարդսը (400 մ) եւ ռուսաստանցի ձողացատկորդուհի Ելենա Իսինբաեւան: Նրանք հաղթող են դարձել «Ոսկե լիգայի» շրջանակներում անցկացրած բոլոր 4 մրցաշարերում եւ հավակնում են գլխավոր մրցանակին:
Կաունասում ավարտվեց թեթեւ աթլետիկայի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Բոլորից հաջող հանդես եկան Ռուսաստանի մարզիկ-մարզուհիները, որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 25 մեդալ` 12 ոսկե, 8 արծաթե եւ 5 բրոնզե:
Երեկ Սուպերգավաթի հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Գերմանիայի նոր մրցաշրջանը: Միմյանց հետ հանդիպեցին այս տարվա չեմպիոն «Վոլֆսբուրգը» եւ գավաթակիր «Վերդերը»: Խաղն անցավ բրեմենցի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, որոնք են հաղթեցին 2:1 հաշվով (նրանք խաղավերջում նույնիսկ չիրացրին 11 մ հարվածը):
Նոր մրցաշրջանից առաջ առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալը», որը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար արդեն ծախսել է մոտ 200 մլն եվրո: Իսպանիայի փոխչեմպիոնը Դուբլինում նվազագույն` 1:0 հաշվով պարտության մատնեց տեղի «Շեմրոկ Ռովերսին»: Միակ գոլը 87-րդ րոպեին խփեց թիմի նորեկ, ֆրանսիացի Քարիմ Բենզեման: Խաղին չի մասնակցել բրազիլացի Կական, իսկ ահա աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում: Նշենք, որ խաղի մեկ տոմսը արժեցել է 60 եվրո (հանդիպմանը ներկա են եղել 10 հազար ֆուտբոլասերներ):