Կարպովը եզրափակեց աղյուսակը
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում ավարտվեց շախմատի խոշոր մրցաշարը: Ինը մրցափուլից հետո 6,5-ական միավոր վաստակեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Հաղթողին որոշելու համար նրանց միջեւ անցկացվեց լրացուցիչ երկու բլից պարտիա: Այդ միկրոմրցամարտն ավարտվեց Նակամուրայի վստահ հաղթանակով' 2:0, ով էլ հռչակվեց մրցաշարի հաղթող: Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը 4,5 միավորով 6-7-րդ տեղերը բաժանեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Իսկ ահա աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը վաստակեց ընդամենը 1,5 միավոր եւ միայնակ եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Դուրս մնացին պայքարից
Հայաստանի աթլետները անհաջող հանդես եկան Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում, որն այս օրերին ընթանում է լիտվական Կաունասում: Հայկանուշ Բեգլարյանը եռացատկի մրցումներում ցույց տվեց 12,74 մ արդյունք, որակավորման իր խմբում զբաղեցրեց 6-րդ, իսկ ընդհանուր հաշվարկով գրավեց 18-րդ տեղը: Աշտարակցի Արամ Դավթյանը 800 մ վազքի մրցումներում, 22 մարզիկների մեջ, գրավեց ընդամենը 19-րդ տեղը: Նրա ցույց տված արդյունքն է 1:52.44 րոպե: Այդպիսով, մեր աթլետները չկարողացան մտնել եզրափակիչ փուլ եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են Եվրոպայի 42 երկրների 956 մարզիկ-մարզուհիներ: Բոլորից ստվար հավաքականը Ֆրանսիայի ազգային թիմն է, որը կազմված է 74 աթլետներից:: Ապա հաջորդում են Լեհաստանի (72 մասնակից), Գերմանիայի (63), Ռուսաստանի' (62), Իտալիայի' (59) հավաքականները: Ի դեպ, 5 երկրներ առաջնությանը ներկայացել են միայն մեկ մարզիկով: Դրանք են Ադրբեջանը, Մակեդոնիան, Մալթան, Մոնակոն եւ Սան Մարինոն: